Մատչելիության հղումներ

ԱԺ ընտրություններում թեկնածուի օգտին քվեարկելուն հարկադրելու դեպքով քրեական գործ է հարուցվել


Գլխավոր դատախազությունը հաղորդում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպքով քրեական գործ հարուցելու մասին:

«Արմավիր քաղաքի մի բնակչուհի, դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում, ապա նաև նյութերի նախապատրաստման ընթացքում նույնաբովանդակ բացատրություն է տվել այն մասին, որ աշխատավայրում իր անմիջական ղեկավարը՝ սննդի օբյեկտի տնօրենը, օգտագործելով նրանից իր աշխատանքային կախվածությունը, շուրջ 6 օր առաջ իրեն հարկադրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի օգտին: Իսկ այն բանից հետո, երբ տնօրենը տեղեկացել է տվյալ թեկնածուին չընտրելու մասին, ըստ քաղաքացու տված բացատրության, իրեն ասվել է այլևս չներկայանալ աշխատանքի», - նշված է դատախազության հաղորդագրությունում:

Քաղաքացին նաև հայտնել է, որ նույն կերպ հոկտեմբերի 21-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունների օրը նշված անձն իրեն հարկադրել էր կողմ քվեարկել քաղաքապետի թեկնածուներից մեկի օգտին:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու հանցավոր արարքի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Գլխավոր դատախազությունից քրեական գործը նախաքննություն իրականացնելու նպատակով կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն:

Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով 3-ից մինչև 5 տարվա ազատազրկում է նախատեսված «ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով»:

Վերոնշյալը երկրորդ քրեական գործն է, որ հարուցվել է դեկտեմբերի 9-ի ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործություն կատարելու դեպքի առթիվ: Ավելի վաղ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Հրազդան քաղաքում ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորի թեկնածուի տարածքային շտաբի պետի կողմից ընտրողներին առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ, որի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մեկ անձ ձերբակալվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG