Մատչելիության հղումներ

Լյուդմիլա Ալեքսեևայի համար կարևորը «մարդն էր ու մարդու ճակատագիրը»


Իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևային ռուսաստանցիները հրաժեշտ են տալու վաղը: Հնարավոր է, որ հոգեհանգստին ներկա գտնվի նաև նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր չի բացառել նախագահի մասնակցությունը հրաժեշտի արարողությանը:

Հայտնի իրավապաշտպան, Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության շարժման խորհրդանիշ Ալեքսեևան մահացել է դեկտեմբերի 8-ին: Նա 91 տարեկան էր, և մինչև իր կյանքի վերջին օրը զբաղվում էր իրավապաշտպան գործունեությամբ:

Լյուդմիլա Ալեքսեևան երկար տարիներ ղեկավարել է մոսկովյան Հելսինկյան կոմիտեն: Նա հայտնի այլախոհ էր․ 1977 թվականին ստիպված էր արտագաղթել Միացյալ Նահանգներ, Ռուսաստան վերադարձել էր 1989-ին: Նա համոզված էր, որ վաղ թե ուշ Ռուսաստանը դառնալու է եվրոպական ժողովրդավարական երկիր: Ասում էր, որ ինքը չի հասցնի տեսնել այդ Ռուսաստանը, բայց ավելի երիտասարդները անպայման կտեսնեն:

Ալեքսեևան միշտ համագործակցել է իշխանությունների հետ՝ այդ թվում Պուտինի օրոք, ինչի համար ընդդիմադիրները դատապարտում են նրան: Սակայն նրա հեղինակությունն այնքան մեծ էր, որ այդ մոտեցումն անգամ ընդունելի էր շատերի համար:

Ալեքսեևան զբաղվել է դատապարտյալների խնդիրներով, մշտապես պաշտպանել է ընդդիմադիրներին, մասնակցել է ամենատարբեր բողոքի ակցիաների:

Նրա հեղինակությունն այնքան մեծ էր, որ նրա հետ հաշվի էին նստում անգամ Կրեմլում:

«Ալեքսեևայի նպատակը մարդուն օգնելն էր, մարդու իրավունքը պաշտպանելը: Մարդու իրավունքներ բառակապակցության մեջ նրա համար կարևորը մարդն էր ու մարդու ճակատագիրը: Եվ սա է պատճառը, որ նա երբեմն համագործակցում էր իշխանության հետ, իսկ երբեմն շատ կոշտ քննադատում», - նշում է իրավապաշտպան Միխայիլ Ֆեդոտովը:

«Մի ամբողջ դարաշրջան է խորհրդանշում Ալեքսեևան», - գրում են ռուսաստանցի բլոգերները՝ հավելելով, որ թվում էր, թե նա միշտ է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG