Մատչելիության հղումներ

«Փաշինյանն ունի չափազանց բարձր վարկանիշ»


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 10 դեկտեմբերի, 2018թ.
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 10 դեկտեմբերի, 2018թ.

Արտասահմանյան լրատվամիջոցները արձագանքում են ընտրություններին:

«Թափանցիկ ընտրություններ»

«Նովոստի» ռուսական լրատվական գործակալությունը վկայակոչում է ԱՊՀ դիտորդների թիմի ղեկավար Վիկտոր Գումիժսկուն, ով հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունները թափանցիկ էին և համապատասխանել են Հայաստանի Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին:

«Արտաքին ասպարեզում առանց էական փոփոխությունների»

The Guardian-ի փոխանցմամբ, նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանն, ով ժամանակին ազատազրկվել է 2008 թվականի բախումների կապակցությամբ, դրամատիկ փոփոխություն է ապահովել Հայաստանում, որտեղ հեռացվել են 90-ականների վերջին իշխանությունը գրաված ուժերը:

Ըստ բրիտանական պարբերականի, Փաշինյանը հավաստիացրել է, որ էական փոփոխություն արտաքին քաղաքական ասպարեզում չի լինի:

«Իշխանության կենտրոնացումը՝ սպառնալիք լեգիտիմությանը»

Euronews-ը վկայակոչել է Chatham House վերլուծական կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի փորձագետ Լոուրենս Բրոերսին, ով ասել է, թե այս ընտրությունները «պետք է կայունացնեն Հայաստանում «ապրիլյան թավշյա հեղափոխությունից» հետո ստեղծված իրավիճակը»:

Նա նշել է նաև վտանգը, որը մեկ լիդերի անառարկելի հաղթանակի հետևանքով կարող է սպառնալ Հայաստանին:

«Հետխորհրդային երկրներում համաժողովրդական ընդվզումների արդյունքում իշխանությունը ստանձնած բարեփոխական լիդերները հաճախ են իրենց ձեռքում կենտրոնացրել կառավարումը և ի վերջո կորցրել լեգիտիմությունը»:

«Փաշինյանն ունի չափազանց բարձր անձնական վարկանիշ, և կա վտանգ, որ նա այդպես կարող է դառնալ գերիշխող դերակատար», - ասել է Chatham House անվամբ հայտնի լոնդոնում տեղակայված միջազգային հարաբերությունների արքայական ինստիտուտի փորձագետ Բրոերսը:

«Օլիգարխիկ ռեժիմի ապամոնտաժումը կդառնա քննություն հայ-ռուսական կապերի համար»

Նա անդրադառնում է նաև ռուսական գործոնին: Ըստ Բրոերսի, հիմա Հայաստանը պատրաստվում է լուծել կիսաավտորիտար և օլիգարխիկ ռեժիմն ապամոնտաժելու խնդիրը: Ինչպե՞ս դա անել Ռուսաստանի հետ սերտ դաշինքի պարագայում, դա կլինի իսկական քննություն ռուս-հայկական հարաբերությունների համար:

Տնտեսության խոշոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայում և տրանսպորտում, օլիգարխիկ կապերի ապամոնտաժումը Փաշինյանին անխուսափելիորեն կներքաշի կոնֆլիկտի մեջ Հայաստանում խորը ներթափանցում ունեցող ռուսական պետական և առևտրային կառույցների և նրանց տեղացի հայ հաճախորդների հետ:

«Հայ-ռուսական դաշինքին վտանգ չի սպառնում»

Հայաստանյան ընտրություններին են հետևում նաև ռուսական ազգայնական-հայրենասիրական ուղղվածության լրատվամիջոցները: «Русская весна» նշում է, որ «ընտրություններում հաղթել է «Իմ քայլը», սակայն վտանգ չի սպառնում Ռուսաստանի հետ Հայաստանի դաշինքին, անդամությանը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին»:

«Մեծամասնություն, որը թույլ կտա շարունակել պայքարը կոռուպցիայի դեմ»

BBC-ի փոխանցմամբ, հիմա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ունի խորհրդարանական մեծամասնություն, որը թույլ կտա առաջ տանել պայքարը կոռուպցիայի դեմ և բարեփոխել երկրի տնտեսությունը:

Մինչդեռ, ըստ BBC-ի, ՀՀԿ-ն գանգատվում է, թե Հայաստանում ստեղծվել է Փաշինյանի անձի պաշտամունք, ինչը, բարձրաստիճան հանրապետական Արմեն Աշոտյանի փոխանցմամբ, կարող է թուլացնել բազմակուսակցական դեմոկրատիան:

BBC-ին նշում է, որ ընտրությունները Հայաստանում պատմականորեն ուղեկցվել են կեղծիքներով, բայց հիմա կա հույս, որ դեկտեմբերի 9-ը կտարբերվի նախկին ընտրություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG