Մատչելիության հղումներ

Դաշնակցություն․ «Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների»


ՀՅԴ դրոշը հանրահավաքի ժամանակ, արխիվ

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅ Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների», - հայտարարում է ՀՅԴ-ն:

Իր այսօր հրապարակած հայտարարությունում Դաշնակցությունը նշում է, որ այդ պարտության մեջ տեսնում է հետևյալը. - «Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին: Ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման: Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից: Պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում: Ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի»:

Կարճատև քարոզարշավը կուսակցությունը կարևորում է նաև նրանով, որ՝ «Ստացանք իրատեսական պատկերացում համակիրների այն բանակի մասին, որը կմասնակցի մեր պայքարին: Այդ բանակը փոքրաթիվ է, բայց փոխարենը իրական, նրա որոշումը հստակ է, ոչ մոդայիկ և թելադրված է միայն ու միայն ներքին համոզմամբ ու հստակ գիտակցությամբ: Ոչ մի անգիտակից քվե, ոչ մի պատահական մարդ: Կարողացանք բանավիճել, բարձրաձայնել մեր մտահոգությունները, հակադարձել վտանգավոր միտումներին, բերել մեր փաստարկները: Այս պահին մեր խոսքը լայն ընկալում չունեցավ ու թերագնահատվեց, սակայն մեզ հաջողվեց ցույց տալ իրավիճակն անտեսված կողմից, մտածելու ու վերլուծելու առիթ ստեղծել ու արթնացնել զգոնությունը: Ժամանակի ընթացքում անկողմնակալ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու Արցախի հիմնախնդրի նշանակությունը ճիշտ պատկերացնող մեր քաղաքացիները կհամադրեն ամեն օր ստացվող նորությունները մեր հնչեցրած մտահոգությունների հետ և կգիտակցեն, թե ինչի մասին էինք խոսում, ահազանգում»:

Շնորհակալություն հայտնելով ՀՅԴ-ին կողմ քվեարկած քաղաքացիներին, իր շարքերին և դաշնակցական երիտասարդներին, Դաշնակցությունն ամփոփում է․ - «Փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը: Մենք մուտք ենք գործում այդ նոր պատմության մեջ համազգային կուռ կառույցով, ապագայի մեր երազանքով ու պայքարելու վճռականությամբ»:

Երեկ անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով՝ Դաշնակցությունը ստացել է քվեների 3․89 տոկոսը և չի հաղթահարել Ազգային ժողով անցնելու 5-տոկոսանոց շեմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG