«Պետք է արձանագրենք, որ տեղի են ունեցել ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ չկան ընտրողների կամարտահայտության վրա ազդելու գործընթացներ։
«Էական չէ՝ ով է երկրորդ, ով է երրորդ, ով՝ առաջին, պետք է արձանագրենք, որ տեղի են ունեցել ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ։ Մի քանի բան հստակ կարող ենք արձանագրել՝ չկան վերևից թելադրված, համակարգված գործընթացներ՝ ապօրինի կերպով ազդելու ընտրողների կամարտահայտության վրա», - ասաց Միրզոյանը՝ շարունակելով. - «Ամենամեծ խախտումը, որի մասին ես այսօր լսել եմ, դա, ամեն դեպքում, տեղամասերի մոտ կուտակումներն են, որ էլի դիպվածային բնույթ էին կրել՝ ոչ համակարգված, և այստեղ անմիջապես ահազանգվել է իրավապահ համակարգին, և իրավապահ համակարգը կատարել է իր գործառույթները և ապահովել է այդ մարդկանց հեռացումը 50 մետր շառավղից այն կողմ, և սա երկրորդ արձանագրումն է, որ իրավապահ համակարգն, այնուամենայնիվ, ի տարբերություն, նախորդ ընտրությունների, ոչ միայն չեզոք դիտորդի և չխառնվողի, չմիջամտողի դեր չի ստանձնել, որովհետև այդպես եղել է նախկինում, այլև լավագույն ջանքերը գործադրել է, որ իր գործառույթներն իրականացնի»։
Միրզոյանը նշեց, որ «արդյունքների ամփոփումից հետո բոլոր հնարավոր բողոքներին հետամուտ կլինեն՝ օրենքով սահմանված կարգով»։
«Բայց ես էլի եմ ուզում ասեմ, համեմատություն նաև մեր շատ միջազգային գործընկերների հետ զրուցելիս եմ արել, մեջբերել՝ տեսեք, օրինակ մեր կամ որևէ երկրի օրենսգրքով գողությունը, հանցագործությունն արգելված է, չէ՞, բայց լինում են, չէ՞, բոլոր տեղերում գողություններ և փորձեր, և դրա համար էլ կա իրավապահ համակարգ, որպեսզի այդպիսի հատուկենտ դեպքերը պատժի ենթարկվեն։ Եղել են փորձեր ընտրախախտումների, համենայն դեպս, եղել են փորձեր վարքագծի, որը որ հակասության մեջ է ընտրական օրենսդրության հետ, և այդ փորձերն իրավապահ համակարգի կողմից համապատասխան արձագանք ստացել են: Խոսքը հետևյալի մասին է՝ սիստեմատիկ որևէ ապօրինի ազդեցություն ընտրական գործընթացների վրա չի եղել», - ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը։
«Կիրակնօրյա վերլուծականի» դեկտեմբերի 9-ի թողարկումը ամբողջությամբ՝ այստեղ․