Մատչելիության հղումներ

Դատախազությունը ժամը 13-ի դրությամբ ստացել է ենթադրյալ ընտրախախտումների մասին 64 ահազանգ


Գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվում թվով 31 ընտրախախտումների դեպքով քրեական գործեր հարուցելու նպատակով:

Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, Գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է այսօր ժամը 13-ի դրությամբ ստացված ենթադրյալ ընտրական հանցագործությունների 64 դեպքի մասին ահազանգ:

«Դեպքերից 11-ն արձանագրվել են լրատվամիջոցների հրապարակումների մոնիթորինգի արդյունքում, իսկ 53-ի վերաբերյալ տվյալները ստացվել են քաղաքացիների կողմից ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումներով: Նշվածներից 31 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Դրանցից 27-ն առնչվում է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձին, 4-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն: Իսկ 33 դեպքով իրականացվել են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել ենթադրյալ հանցագործության փաստերը և թողնվել անհետևանք», - ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունը վստահեցնում է, որ իրենք հետևում են լրատվամիջոցների հրապարակումներին և գրանցել քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը:

Քիչ առաջ տարածվեց նաև Ոստիկանության հաղորդագրությունը, թե այսօր ժամը 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում։ Դրանցից 7-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող են, որոնց առնչությամբ նախապատրաստվում են նյութեր: 19 հաղորդում ենթակա է ստուգման, որոնցիցի մեկը ստուգմամբ արդեն չի հիմնավորվել, 17-ը գտնվում է ստուգման փուլում, իսկ 1-ն ուղարկվել է Պաշտպանության նախարարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG