Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան․ «Գիտե՞ք ինչքան եմ երազել էս օրվա համար»


«Գիտե՞ք ինչքան եմ երազել էս օրվա համար, որ մեր ժողովուրդը առանց խախտումների, առանց փող վերցնելու, առանց ճնշումների, հանգիստ, իր կամքով գա ընտրության», - ասաց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում։

«Գերկարևոր եմ միշտ համարել արդար ընտրությունները։ Երկրում արդար ընտրություններ լինեն՝ մնացած ամեն ինչ տեղը կընկնի։ Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ ելքը թե՛ դահլիճում է, թե՛ դրսում է, ու լավ արդյունք տալու ելքը բոլորը մենք դառնալն է», - նշեց Արամ Սարգսյանը։

Նա հավելեց, որ քվեարկել է հանուն այսօրվա, ապագայի և անցյալի թողած լավ հիշողությունները վառ պահելու, դրանք շարունակելու։

Ի պատասխան «Ազատության» հարցի, թե ինչպե՞ս է գնահատում քարոզարշավի ընթացքը, «Մենք» դաշինքի առաջնորդը ասաց. - «Իմ մասնակցած ընտրությունների լավագույն քարոզարշավն էր՝ քարոզիչների հավասարության, հնարավորությունների և ամեն ինչի առումով։ Միակ թերությունը, որից անընդհատ բողոքել եմ, կարճ ժամանակն էր։ Միգուցե դա մեր համար նշանակություն ուներ, որովհետև «Մենք» դաշինքը նոր ձևավորված էր, բայց մնացած առումներով, կարծում եմ, ովքեր որ հանրությանը հայտնի են, իրենց համար դա խոչընդոտ չի։ Էդ թերությունը միայն մեզ էր վերաբերում»։

Հարցին՝ Հանրապետական կուսակցությունը հաճախ բարձրաձայնում էր պաշտոնեական դիրքի չարաշահումների մասին, ինքը նման բաներ նկատե՞լ է, Սարգսյանը պատասխանեց. - «Գիտե՞ք, ցանկացած մեկը կարող էր էդ բարձրաձայնել, իմ կարծիքով, բացի Հանրապետականից։ Իրենք լավ կանեն լռեն էդ առումով, սիրուն չի՝ կասեր իրենց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG