Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյան․ «Ակնկալում եմ, որ օրվա վերջին մենք կունենանք ավելի համախմբված հասարակություն»


ՀՀԿ-ի ընտրական ցուցակը գլխավորող կուսակցության առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ընտատեղամաս էր եկել կնոջ և դուստրերի հետ։

Քվեարկության ավարտին լրագրողների հետ զրույցում հույս նա հայտնեց, որ հանրությունը այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին․ - «Անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ կարելի է անել, այսօր տանը նստելն է: Պետք է գնալ և քվեարկել: Կատարել ընտրություն, կողմնորոշվել և գիտակցված ձայնը տալ այն ուժին, որի հետ կապվում է երկրի ապագան, դա լինի գործող իշխանություն, լինի այդ իշխանությանը հակակշռող ուժ: Պետք է որոշումը կայացնել և անպայման ձայնը տալ: Ակնկալում եմ, որ օրվա վերջին մենք կունենանք ավելի համախմբված հասարակություն: Ես քվեարկել եմ այսօր այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների: Որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում: Իսկ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել: Մեզ պետք է ավելի ամուր, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր: Մեր մարտահրավերները շատ մեծ են, մեր ունեցած պաշարները՝ այդ մարտահրավերներից անհամեմատ ավելի փոքր: Եվ ես ակնկալում եմ, որ այսօրվա քվեարկությունից հետո մենք կունենանք երկիր, որտեղ գոնե այն հարցերում, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն՝ անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, մենք կհենվենք գիտելիքի, փորձի, հետևողականության վրա և չենք անի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերը այս տարածաշրջանում»:

Քարոզարշավի ընթացքի վերաբերյալ «Ազատության» հարցին հարցին Վիգեն Սարգսյանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, մեր հանրությունը հնարավորություն ունեցավ շատ մանրամասն լսելու մեր դիրքորոշումները, մեր կարծիքները: Մենք բազմիցս հնչեցրել ենք, նաև մեր պաշտոնական հայտարարությունների մեջ, մեր մտահոգությունները ճնշումների հետ կապված թեկնածուների, վստահված անձանց և այլն․․․ Բայց հույս ունեմ, որ այսօր քվեարկությունը կանցնի հանգիստ, հաշվարկը ձայների կանցնի թափանցի և հասկանալի մթնոլորտում, և առավոտյան մենք կարթնանանք արդյունքներով, որոնք բոլորի համար ընդունելի կլինեն»:

Վիգեն Սարգսյանը նշեց նաև, որ եթե ընտրություններից հետո ընտրական գործընթացը բողոքարկելու անհրաժեշտություն լինի, ապա իրենք կբողոքարկեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG