Մատչելիության հղումներ

Հանրապետության գլխավոր տոնածառի համար հատկացված 150,000 դոլարը՝ քննադատության թիրախում


Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի համար հատկացված 150,000 դոլարը արդարացված է. հինը մաշված էր և անվտանգ չէր, հետևաբար անհրաժեշտ էր նորը գնել, ասում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ հակադարձելով այս օրերին սոցցանցերում հնչող քննադատությանը, թե անարդյունավետ ծախս է կատարվել:

Տոնածառը գնվել է ռուսական կազմակերպություններից մեկից, ասում է՝ ժամանակը սուղ էր մրցույթ հայտարարելու համար, հակառակ դեպքում՝ այս տարի հնարավոր էր, որ անգամ տոնածառ չունենայինք։ Ընդգծում է՝ իրենց կատարած ընտրությունը ամենաօպտիմալն է.

«70 մլն ծախսը վերցվել է այն 600 մլն դրամից, որը տնտեսվել էր էրեբունի-Երևանի տոնակատարությունների ժամանակ։ 150.000-ի մեջ ներառված է տոնածառը, իր ճյուղերով և կոնստրուկցիայով հանդերձ, լուսային զարդերը, 1500 խաղալիքները, արտադրության վայրի տեղափոխումը և մոնտաժը։ Եթե խոսում ենք տնտեսելու մասին։ Ապա քաղաքային մյուս ատրիբուտները՝ այլ լուսավորում, շատրվաններ, դրանք բոլորը նույնն են մնացել ՝ավելորդ ծախսից խուսափելու համար», - մանրամասնեց Հակոբ Կարապետյանը:

Հրապարակի գլխավոր տոնածառի համար հատկացվող գումարն իսկապես մեծ է։ Եթե սա արվեր նախկին իշխանությունների օրոք, ապա միանշանակ քննադատության կարժանանար։ Կարծում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, հավելելով՝ վիճահարույց է, թե այս պահին որքանով էր հրատապ տոնածառի համար նման ծախսը:

«Եթե նայենք, թե վերելակային տնտեսությանը որքան է հատկացվում տարեկան, և ջրային ցանցի, ոռոգման ցանցի բարեկարգմանը որքան գումար է հատկացվում, մենք կտեսնենք, որ այս երեքը՝ տոնածառը և հնչեցրածս երկու ծախսային հոդվածները, թվային արժեքով շատ մոտ են: Այսինքն, եթե մենք վերելակային տնտեսությանը հատկացնում ենք շուրջ 100 միլիոն դրամ, կարելի էր գրեթե կրկնապատկել, եթե գումարը տրամադրվեր ամբողջությամբ այդ հոդվածին: Բայց այս պահին իմ մտքին մի շատ այլ կարևոր հարց է, որով մեր խմբակցությունը դիմել էր քաղաքապետին՝ այն մասին, որ կա մի շենք, որը դարձել է 4-րդ կարգի վթարային և դրա կողքի շենքի տանիքը շաբաթներ առաջ փլուզվեց և բարեբախտաբար մարդ չզոհվեց: Հիմա մենք հասկանում ենք, որ դրա ամրացման աշխատանքները այդ գումարի շրջանակներում են: Կամ, եթե այն ենթակա չէ ամրացման, ապա գոնե այդ մարդիկ կարող են վերաբնակեցվել ժամանակավոր կացարան այդ գումարի շրջանակներում: Հիմա դա չի արվել և ես կարծում եմ, որ դա պետք է այս համեմատականի մեջ մենք դիտարկենք այս պահին անվտանգության խնդիրները, որոնք ծառացած են մեր քաղաքի առջև և տոնածառ, որը լավ է ունենալ, բայց ոչ առաջնային ծախս»:

Հին տոնածառը շուրջ 13 տարի զարդարում էր Հանրապետության հրապարակը։ Այս նոր՝ 35 մետր բարձրությամբ տոնածառը, ըստ պատասխանատուների, կծառայի առնվազն 10 տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG