Մատչելիության հղումներ

Քարոզարշավին հետևած դիտորդները էական առաջընթաց են արձանագրում


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքին հետևած դիտորդական կազմակերպությունները էական առաջընթաց են նկատում 2017-ի ընտրությունների համեմատ։

«Խորհրդարանական ընտրությունների կազմակերպման նախընտրական փուլը եղել է հիմնականում ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայմաններում, ինչը էապես տարբերվում է նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից», - այսօր հայտարարեց մի քանի կազմակերպությունների միավորող «Ականտես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Ալեքսել Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ 2017-ի ընտրությունների գլխավոր խնդիրները՝ ընտրական կաշառքի ու այսպես կոչված նախընտրական բարեգործության համակարգված դեպքեր չեն արձանագրել․ - «Ուզում եմ շեշտել, որ այս ընտրությունների դեպքում դրանք չեն կրելի համակարգված բնույթ: Հիմնականում առանձին դրվագներ էին»:

«Ականտես»-ի ներկայացուցիչները արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։ Պետական համայնքային որոշ կառույցներում ծառայողները քարոզչություն են իրականցրել աշխատանքի վարում, որոշ դեպքերում էլ ընտրական հանձնաժողովի անդամներն են մասնակցել քարոզչությանը։ Թե որ ուժերի մասին է այս տեղեկությունը՝ «Ականատեսը» խոստանում է հրապարակել ավելի ուշ:

«Վարչական ռեսուրսի չարաշահման մասով արձանագրվել են խնդիրներ, սակայն ոչ այն ծավալով, ինչպես նախորդ ընտրությունների ընթացքում», - նաև նշեց Ալեքսեյ Պետրոսյանը:

«Անկախ դիտորդ» առաքելությունը իր հերթին նկատել է քարոզչական կանոնների խախտման դեպքեր:

«Նախընտրական քարոզչության կանոնների 325 խախտումներից 16-ը վերաբերում է «Իմ քայլին», բայց նման խախտումներ արձանագրվել է նաև ԲՀԿ և «Սասնա ծռեր» կուսակցությունների կողմից», - մանրամասնեց «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:

Ամփոփելով իրենց դիտորդների նկատած խախտումները, Սաքունցն ասում է՝ չի եղել ընտրական ու վարչական չարաշահումների համակարգում մեկ կամ մի քանի կենտրոններից, և ըստ նրա՝ ամենակարևորը, չեն եղել փորձեր վախեցնելու կամ ճնշելու ընտրողներին․ - «Կարող ենք արձանագրել, որ զերծ ենք մնացել համակարգված, կազմակերպված, շարունակական ընտրական իրավունքների խախտման մեխանիզմներից, որը մենք նախորդ ժամանակաընթացքում արձանագրել ենք: Այնուամենայնիվ, առանձին դրսևորումներ դեռևս կարող են լինել, որովհետև դրա համար նպաստավոր մեխանիզմ են հանդիսանում տարածքային ցուցակները»:

Արտահերթ խորհրդարանական այս ընտրություններին ընտրական հանձնաժողովներում Հանրապետական կուսակցությունը կունենա ամենամեծ թվով ներակայացուցիչները, ԲՀԿ-ն կլինի 2-րդը՝ այն համամասնությամբ, ինչպես բաշխված են պատգամավորի տեղերը արդեն լուծարված 6-րդ գումարման խորհրդարանում։ Արթուր Սաքունցից հետաքրքրվեցինք, ինչպես պետք է հանձնաժողովի նույն անդամները, որոնց նախկինում մեղադրում էին խախտումները չգրանցելու մեջ, այս անգամ կարողանան չշեղվել օրենքի պահանջներից։

«Մարդիկ նույնն են, բայց պահանջը տարբեր է: Անպատժելիությունը պայմանավորված էր ոչ թե նրանով, որ այդ նույն հանձնաժողովների անդամները աչք էին փակում,ուղղակի գիտեին, որ որևիցե հետևանք չեն ունենալու: Իսկ անպատժելիության մթնոլորտը վերացած է», - ասաց Սաքունցը:

«Անկախ դիտորդ» և «Ականատես» դիտորդական առաքելությունները կծածկեն Հայաստանի 600 ընտրատեղամասեր, կաշխատեն նաև շրջիկ խմբեր և իրավաբաններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG