«Նյուզ.ամ» կայքի խմբագիր Արմենիկա Կիվիրյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «Ոստիկանությունը եկել է Նյուզ.ամ-ի խմբագրություն»:
Ոստիկանությունը հարկ է համարել պարզաբանում տարածել նշվածի կապակցությամբ:
«Այսօր ոստիկանության ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է Նյուզ-ի խմբագրություն` ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելու: Խմբագրությունում նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է, գլխավոր խմբագրին հայտնել իր այցի նպատակը ու հանձնել թղթերը: Խմբագիրը բովանդակությանը ծանոթանալուց հետո ասել է, որ կխոսի իր իրավաբանի հետ: Վերջինիս հետ հեռախոսային խոսակցությունից հետո հրաժարվել է վերցնել թուղթը: Ոստիկանության ծառայողի բացատրությունից հետո, որ, միևնույն է, փոստով ուղարկելու է գրությունը, խմբագիրը նորից է զանգահարել իրավաբանին: Իրավաբանները եկել են խմբագրություն, ծանոթացել գրությանը, ինչից հետո գլխավոր խմբագիրը ստորագրել է ոստիկանի օրինակը ու վերցրել գրության իր օրինակը: Ոստիկանության ծառայողը դուրս է եկել խմբագրությունից ու հեռացել», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Ոստիկանությունը ավելացրել է․ ֊ «Կախման կետերով, անորոշ հայտարարություն տարածելով, ոստիկանության լրատվության վարչության զանգերը անտեսելով, լրատվամիջոցների հարցերին խորհրդավոր լռությամբ «պատասխանելով» չարժեր, անիմաստ աղմուկ բարձրացնել` ի սկզբանե իմանալով, որ տեղի ունեցածը «իրադարձություն» չէ և որևէ աղմուկի հիմք դառնալ չի կարող»:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ վերոհիշյալ գրությունը փոխանցվել է նաև այլ լրատվամիջոցի: