Ամերիկայի Միացյալ Նահանգները դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնությանը պաշտոնապես տեղեկացրել է միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման 1987 թվականի պայմանագրից 60 օր անց դուրս գալու մասին:
Ամերիկյան կողմը հայտարարել է, որ այդ քայլին է դիմում, քանի որ ռուսները խախտում են դեռ Խորհրդային Միության օրոք կնքված պայմանագիրը:
Ըստ Վաշինգտոնի, ռուսներն անցած տարիների ընթացքում ստեղծել են զինատեսակներ, որոնց տեխնիկական պարամետրերը գերազանցում են պայմանագրով արտոնված սահմանափակումը:
Այդպիսին է 9M729 թևավոր հրթիռը․ ցամաքային տեղակայման այդ զենքը նաև հայտնի է SSC-8 և «Новатор» անուններով:
Ըստ ՆԱՏՕ-ի փորձագետների, այդ գերարդիական հրթիռը կարելի է հեշտությամբ թաքցնել, այն շատ շարժունակ է, արագ է բերվում մարտական պատրաստության, կարող է կրել միջուկային մարտագլխիկներ և թիրախավորել եվրոպական քաղաքները:
Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի զենքերի վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով փոխպետքարտուղար Անդրեա Թոմփսոնն ասել է, որ եթե Մոսկվան ցանկանում է փրկել պայմանագիրը՝ պետք է հրաժարվի 9M729-ից, կամ առնվազն սահմանափակի դրա պարամետրերը, քանի որ 500-5500 կիլոմերտ հեռահարության թևավոր և միջմայրացամաքային հրթիռների տեղակայումն արգելվում է Միխայիլ Գոբաչևի և Ռոնալդ Ռեյգանի ստորագրած պայմանագրով:
Մոսկվան, իր հերթին, պնդում է, որ պայմանագրին հակասում են Եվրոպայում ամերիկացիների տեղակայած հակահրթիռային պաշտպանության համակարգերի որոշ տարրեր: Ամերիկացիները դա հերքում են:
Ստեղծվում է մտահոգիչ կացություն բավական բարդ հեռանկարով: Ամերիկացիներն ասել են, որ եթե ռուսները շարունակեն խախտել միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագիրը, ապա Վաշինգտոնը կհրաժարվի New START (ռուսական տարբերակով СНВ-3) պայմանագրից:
Խոսքը ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման և կրճատման պայմանագրի մասին է, որը 2010-ը թվականին Պրահայում ստորագրել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը:
2011 թվականի փետրվարից 10-ը տարով ուժի մեջ մտած այդ պայմանագրով կողմերը պարտավորվել են միջուկային մարտագլխիկների թիվը նվազեցնել մինչև 1550 միավոր, իսկ միջմայրացամաքային հրթիռների, սուզանավերում տեղակայված հրթիռների և ծանր ռմբակոծիչների թիվը նվազեցնել մինչև 700 միավոր:
New START պայմանագրի ժամկետը սպառվում է 2021 թվականի փետրվարին, այն կարող է մեխանիկորեն 5 տարով երկարաձգվել՝ եթե կողմերն առարկություններ չներկայացնեն, և այժմ ամերիկացիները խոսում են այդ հնարավորությունից հրաժարվելու մասին:
Սպառնալիքը հնչեցրել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական շտաբերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:
Նա ասել է, թե որոշումը պետք է ընդունեն քաղաքական ղեկավարները, սակայն ինքը՝ որպես զինվորական, չի կարող նրանց առաջարկել երկարաձգել պայմանագիրը, քանի որ ռուսական կողմը խախտում է միջին և փոքր հեռահարության պայմանագրի դրույթները:
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանն ասել է, թե միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից դուրս գալը դեռ չի նշանակում լիովին տապալել միջուկային սպառազենը հսկելու և կրճատելու առաքելությունը: Նա նկատել է տվել, որ դեռ կան խնդիրը կարգավորելու հույսեր:
Մինչդեռ, վերլուծաբանների կարծիքով, եթե միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի ձախողմանն ավելանա նաև New START-ի չեղարկումը՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կսկսեն մշակել էլ ավելի սարսափազդու սպառազեն, ընդ որում նրանց կմիանա նաև երրորդ գերտերությունը՝ Չինաստանը:
Այդպիսով, Երկիր մոլորակին սպառնացող միջուկային մղձավանջի վտանգը կդառնա էլ ավելի իրական: