Մատչելիության հղումներ

Հանրապետականի քննադատությունները շատ հեշտ ջախջախվում են. Տիգրան Ավինյան


Ոչ բովանդակային և անփաստարկ քննադատությունը չի կարելի գնահատել որպես իրապես քննադատություն, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե գործող իշխանություններին ամենակոշտը քննադատում է նախկին իշխող ուժը՝ Հանրապետական կուսակցությունը, որն այսօր իրեն իրական ընդդիմություն է համարում։

«Ազատություն». - Պարոն Ավինյան, Դուք Հանրապետականին հիշատակեցիք, ամենակոշտն իրենք են ձեզ քննադատում, սա չի՞ նշանակում, որ իրենք են իրական ընդդիմությունը, սա նաև իրենց փաստարկն է։

Տիգրան Ավինյան. - Կոշտ, բայց ոչ բովանդակային և անփաստարկ քննադատությունը չի կարելի գնահատել որպես իրապես քննադատություն։ Ընդհանուր առմամբ, Հանրապետականի քննադատությունները շատ հեշտ ջախջախվում են, և Հանրապետականի քննադատության հիմքում չկա որևէ իրական, փաստական ապացույց, այսինքն՝ էն թվերը, որ իրենք բերում են, այն փաստարկները, որ իրենք բերում են, դրանք մանիպուլյատիվ դաշտի՝ փաստերը խեղաթյուրելու, իրականությունը խեղաթյուրելու իրենց բազմամյա փորձի արդյունքն է։ Այսինքն՝ երբ որ դու տարիներ շարունակ ունենում ես տապալումներ տարբեր ոլորտներում՝ և՛ տնտեսության մեջ, և՛ առհասարակ ներքին քաղաքականության, արտաքին քաղաքականության մեջ, դու հմտանում ես մի գործում՝ դա փաստերի խեղաթյուրումն է և մանիպուլյացիան։

«Ազատություն». - Հեղափոխությունը խոստանում էր տնտեսական ներդրումներ, բայց ասում են՝ «հիմա 7-րդ ամիսն է արդեն և ճիշտ հակառակն՝ այդ ներդրումների ծավալը շեշտակի նվազել է»։

Ավինյան. - Սա ամենազավեշտալի քննադատություններից մեկն է: Նախ, առաջին հերթին եկեք արձանագրենք, որ յուրաքանչյուր ներդրող մտահոգված է ներդրումային դաշտի կայունության առումով, և քաղաքական կայունությունն ուղղակիորեն ազդում է ներդրումային դաշտի կայունության և բարենպաստ լինելու վրա, և հետևապես ընտրությունները, որոնք տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, ուղղակիորեն փոխելու են այս իրավիճակը, այսինքն՝ քաղաքական որոշակի անկայուն իրավիճակ է, երբ որ մեկ այլ ուժի ներկայացուցիչներ էին կառավարությունում և մեկ այլ ուժի ներկայացուցիչներ՝ Ազգային ժողովում, այս իրավիճակի, այս թնջուկի լուծումը տալիս է: Երկրորդը՝ գնահատականներ, որոնք որ ես լսել եմ Հանրապետական կուսակցության կողմից, որ 11 անգամ օտարերկրյա ներդրումներն ուղղակի նվազել են, դրանք ուղղակի ոչ պրոֆեսիոնալիզմի և իրենց թյուրըմբռնման կամ թյուր ներկայացման փաստերի արդյունք է։ Առաջին երեք եռամսյակներում տեղի է ունեցել մոտավորապես 133 միլիարդ դրամի չափով օտարերկրյա ուղղակի ներդրում, որոնց մի մեծ ծավալ՝ մոտավորապես 30, 35 տոկոսը հենց Ամուլսարի ծրագրին էր վերաբերում, և այս տարի համեմատած նախորդ տարվա հետ, այո՛, կա նվազում 27 տոկոս, բայց եթե Ամուլսարի ծրագիրը հանում ենք, որն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի շարունակվել հեղափոխությունից հետո, մենք տեսնում ենք, որ օտարերկրյա ներդրումներն աճել են 20 տոկոսով։

«Ազատություն». - Իրենց ասելիքը, պարոն Ավինյան, այն է, որ չկան փայ մտնողները, չկան մենաշնորհները, բայց ահա տեսեք՝ ներդրողները միևնույն է չեն գալիս։

Ավինյան. - Ո՞նց չեն գալիս, որ եթե փաստացի քանակը ներդրումային ծրագրերի ավելացել է։ Մյուս տարի, որ «Ռենկո»-ն սկսի, էլի շատ մեծ ծավալով ներդրումների ավելացում ենք տեսնելու։ Ընդհանուր առմամբ դինամիկան դրական է։ Իրենք սխալ են ներկայացնում իրականությունը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG