Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հարցերին նվիրված համակարգող խմբի հերթական հանդիպումը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցրել է, որ առաջիկա ընտրությունների նախապատրաստման առումով ԿԸՀ-ին, նաև միջազգային գործընկերների աջակցությամբ, հաջողվել է պատրաստվել հավուր պատշաճի։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին բարձր է գնահատել ընտրական գործընթացի կազմակերպման պատասխանատուների և հատկապես ԿԸՀ աշխատանքը և կարճ ժամանակահատվածում ընտրությունների նախապատրաստվելու հայաստանյան փորձը օրինակելի է համարել։
Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցիչ, ՄԱԶԾ համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման գործում միջազգային տարբեր գործընկերների հետ իրականացվող աշխատանքի համակարգման ընթացքը։
Միջազգային գործընկերները միակարծիք էին, որ այս ընտրությունների ընթացքում երկրում առաջին անգամ անցկացված քաղաքական դեբատները լրջագույն ձեռքբերում են Հայաստանի ժողովրդի կողմից տեղեկացված ընտրություն կատարելու համար և Հայաստանում նշանավորում են նոր և ավելի բարձր քաղաքական մշակույթի մեկնարկը։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է երկրում միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների մեծաթիվ ներկայության փաստը։ Միրզոյանն արձանագրել է, որ ունենալով նույն օրենսդրական կարգավորիչ շրջանակը և նույն ինստիտուտները, մեկ տարվա տարբերությամբ հնարավոր է ունենալ արմատապես այլ պատկեր, ինչը բացառապես պայմանավորված է գործող կառավարության իրական ժողովրդավարական երկիր կառուցելու քաղաքական կամքի առկայությամբ։
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, հանդիպմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Գերմանիայի դեսպան Մաթիաս Քեսլերը, Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդերիկսոնը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԱՄՆ ՄԶԳ տնօրենի տեղակալ Ադամ Ստեֆանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և դեսպանատների այլ ներկայացուցիչներ։
Այսօր քարոզարշավի վերջին օրն է, վաղը լռության օր է, արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։