Մատչելիության հղումներ

Լյուքսեմբուրգն անվճար կդարձնի ամբողջ հանրային տրանսպորտը


Լյուքսեմբուրգ - Մայրաքաղաք Լյուքսեմբուրգի համայնապատկեր, արխիվ

Փոքրիկ Լյուքսեմբուրգը հաջորդ տարվա ամռանը կդառնա աշխարհի առաջին պետությունը, որն անվճար կդարձնի հանրային ամբողջ տրանսպորտը:

Գնացքների, տրամվայների, ավտոբուսների համար մարդիկ այլևս չեն վճարի՝ դա վարչապետ Խավիեր Բետելի ծրագրային խոստումներից մեկն էր:

Բետելը Դեմոկրատական կուսակցությունից է, որը կոալիցիա է կազմել ձախակողմյան դիրքորոշման Սոցիալիստ աշխատավորականների և Կանաչների հետ: Վարչապետի խոստումներից է նաև ավելացնել երկու հանրային տոնական օր:

Պետության պաշտոնական անունն է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն: Մայրաքաղաքը Լյուքսեմբուրգն է:

Բելգիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ սահմաններ ունեցող Լյուքսեմբուրգում ապրում է 600 հազար մարդ, իսկ նույնանուն մայրաքաղաքում՝ մոտ 110 հազար: Բայց ամեն օր մոտ 400 հազար մարդ աշխատանքի համար հասնում է մայրաքաղաք:

Դա եվրոպական այն բնակավայրերից է, որտեղ շատ խիտ երթևեկություն է և գրեթե ամեն օր տեղի են ունենում ծանր խցանումներ:

Փորձագետների կատարած հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Լյուքսեմբուրգում միջին վիճակագրական վարորդը 2016 թվականին մոտ 33 ժամ է անցկացրել խցանումներում:

Դքսություն ևս 200 հազար մարդ ամեն օր հասնում է հարևան Ֆրանսիայից, Բելգիայից և Գերմանիայից:

Լյուքսեմբուրգի կառավարությունները մշտապես խոստացել են լուծել տրանսպորտի հարցը և աստիճանաբար զարգացրել են փոխադրման հանրային միջոցները:

Այս տարվա ամռանը կառավարությունն ընդունել է մինչև 20 տարեկան բոլոր ուղևորների համար տրանսպորտն անվճար դարձնելու որոշում: Իսկ մի քանի ամիս անց ամբողջ տրանսպորտը պետք է դառնա անվճար:

Կա մեկ չլուծված հարց՝ ինչ անել գնացքներում առաջին և երկրորդ կարգի տեղերի հետ, չէ՞ որ հարմարավետության առումով դրանց միջև կա նկատելի տարբերություն: Սա է հիմա շարքային լյուքսեմբուրգցիների խոսակցությունների թեման:

Բացարձակ անվճար տրանսպորտ կա աշխարհի մի քանի քաղաքներում, բայց անվճար տրանսպորտ ամբողջ երկրում՝ այդպիսի նախադեպ աշխարհում դեռ չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG