Գագաթնաժողովի մեկնարկին Բելառուսի և Ռուսաստանի նախագահների միջև սուր բանավեճ եղավ գազի գնի շուրջ: Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայն չէ ռուսաստանյան գազի գնին, իսկ Պուտինն առաջարկում էր հարցը քննարկել, երբ լրագրողները ներկա չլինեն:
2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունն անցնում է Հայաստանին: Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին․ - «Հաջորդ տարի Հայաստանը ստանձնելու է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայաստանցի բարեկամներին»:
Ռուսաստանի նախագահը այսօր նաև առաջարկել է քննարկել ԵԱՏՄ-ում հաշվարկային ենթակառուցվածքներ ստեղծելու հարցը, ինչը, նրա ձևակերպմամբ, թույլ կտա բարձրացնել ազգային վճարային համակարգի կայունությունն ու թուլացնել կախվածությունը դոլարից և այլ արժույթներից: Պուտինի խոսքով՝ սա տնտեսական սուվերենության բարձրացում է:
Այս գագաթնաժողովում պետք է քննարկվի նաև Հայաստանին մատակարարվող ռուսաստանյան գազի գնի հարցը: Երեկ այս մասին տեղեկացրել էր Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Գագաթնաժողովի նախօրեին «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը հարցազրույցներ է անցկացրել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում ևս մեկ անգամ կարևորել է Եվրասիական միության նշանակությունը Հայաստանի համար և ասել է, թե իր թիմը մտադիր է անել այնպես, որ Հայաստանի անդամակցությունն այս կազմակերպությանը հնարավորինս արդյունավետ լինի, որ եվրասիական շուկան բաց և հասանելի լինի հայաստանցի բոլոր գործարարների համար: