Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ


ԵԱՏՄ գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում, արտապատկերում Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութից
ԵԱՏՄ գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում, արտապատկերում Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութից

Հայաստանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ և պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել դրանց կատարելագործման համար, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

Փաշինյանը նաև պնդել է, թե Եվրասիական միության անդամ երկրների հետ համագործակցությունը դարձել է Հայաստանի տնտեսության վրա ազդող գլխավոր գործոններից մեկը:

«ԵԱՏՄ-ի դաշնակիցների հետ մեր առևտրաշրջանառությունը 2018-ի առաջին հինգ ամիսների ընթացքում ավելացել է 15 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանումը՝ 22 տոկոսով», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ «սա վկայում է ոչ միայն եվրասիական շուկայում առկա բարենպաստ պայմանների, այլև կազմակերպության գործիքների արդյունավետության մասին»:

Ի դեպ, հաջորդ տարի կառույցում նախագահությունը ստանձնելու է Հայաստանը, ինչի առթիվ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է և հաջողություն մաղթել հայ գործընկերներին:

«Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Կցանկանայի հաջողություն մաղթել մեր հայաստանցի բարեկամներին», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը և խոսքը փոխանցել Նիկոլ Փաշինյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG