Մատչելիության հղումներ

Նախընտրական բանավեճ. «Մարտի 1»-ի գործ


Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը խորհուրդ է տալիս «չփառաբանել» ոչ այսօրվա Հատուկ քննչական ծառայությանը, ոչ Ազգային անվտանգության ծառայությանը, ոչ էլ վարչապետի պաշտոնակատարին։

«Ազատության» «Ազատության բանավեճ» հաղորդման ժամանակ Եսայանն ասաց՝ ներկայիս իշխանություններն այսօր «շոու» են անում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանն էլ հակադարձեց՝ Հանրապետական կուսակցությունը 20 տարվա ընթացքում չի կարողացել անել այն, ինչ արել է ներկայիս իշխանությունը։

Մարգարիտ Եսայան. - Հատուկ քննչական ծառայության մասին եք չէ՞ ասում, այն Հատուկ քննչական ծառայության, ում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տալիս, այն Ազգային անվտանգության ծառայության, ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով հանձնարարականներ է տալիս, և հենց այսօր բառացիորեն նաև տարածվեց հերթական ձայնագրությունը, այնպես որ այդպես մի փառաբանեք ոչ այսօրվա Հատուկ քննչական ծառայությանը, ոչ Ազգային անվտանգության ծառայությանը, ոչ էլ վարչապետի պաշտոնակատարին։ Պարզ տեսանք, որ հանձնարարականներ է տալիս վարչապետի պաշտոնակատարը, ես ի՞նչ երաշխիք ունեմ որպես քաղաքացի, որ նույն հանձնարարականն ինքը չի տվել նաև «Մարտի 1»-ի գործով, ես լուրջ կասկածներ ունեմ, որ նույն հանձնարարականն ինքը տվել է։

Անի Սամսոնյան. - Ես ուզում եմ տիկին Եսայանին մի շատ պարզ հարց ուղղել՝ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անմիջապես գալիս է իշխանության հեղափոխությունից հետո, անմիջապես ձեռնարկում է «Մարտի 1»-ի գործի քննությունը և, ես համոզված եմ, այն կտա իր արդյունքները, բայց դուք 20 տարի իշխանություն եք և, ինչպես դուք եք նշում, դուք ստեղծել եք փաստահավաք խումբ, դուք ունեցել եք հանձնաժողով, ինչպե՞ս է եղել, որ դուք 20 տարվա ընթացքում չեք կարողացել անել այն, ինչ որ արել է ներկայիս իշխանությունը մի քանի ամսվա ընթացքում։

Մարգարիտ Եսայան. - Նույնը չի անելու այսօրվա իշխանությունը, սա շոու է, որը սարքվում է, և էլի եմ ասում՝ վարչապետի պաշտոնակատարն այսօր հրահանգներ է տալիս Հատուկ քննչական ծառայությանը։

Անի Սամսոնյան. - Եթե Դուք կարծում եք, որ 10 զոհերի քննությունը դա շոու է, ուրեմն, տիկին Եսայան, Ձեզ ոչինչ չեմ կարող ասել։ Դուք համարում եք «Մարտի 1»-ի 10 զոհերի քննությունը շոո՞ւ։

Մարգարիտ Եսայան. - Դուք ոչինչ չեք բացահայտել, դուք առայժմ շոու եք անում։

Անի Սամսոնյան. - Դուք հիմա էկրանի մոտ համարում եք շոո՞ւ։

Մարգարիտ Եսայան. - Դուք հիմա վատ բան եք անում, էդ բանը մի արեք, ուշադիր լսեք հիմա ինչ եմ ասում՝ Դուք ասում եք՝ «ինչպես պատահեց, որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության», ես էլ եմ զարմանում, թե ինչպես պատահեց, որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ապշած եմ ուղղակի, և ինչպես պատահեց, որ ըստ Ձեզ՝ ինքը «Մարտի 1» է բացահայտել․ ինքը շոու է սարքել, գաղտնալսումները դրա լավագույն ապացույցն են։ Ես ապշած եմ, որ Դուք գաղտնալսումները մոռանում եք։

Բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG