Մատչելիության հղումներ

«Ես օրինակ եմ ծառայել, որ չասեն՝ ինքը միայն խոսում ա, ոնց որ մեր շատ քաղաքական գործիչներ»․ Ծառուկյան


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը կմասնակցի այսօր երեկոյան Հանրայինում կազմակերպվող նախընտրական բանավեճին, եթե դրան մասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը:

«Եթե ներկա չեղավ՝ չեմ գնալու», - հայտարարեց Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած նախընտրական հավաքից հետո:

Բուն նախընտրական հավաքը բավական կարճ տևեց, ելույթ ունեցավ միայն Գագիկ Ծառուկյանը: Քաղաքական այդ ուժից առաջադրված պատգամավորի թեկնածուների մի մասը թեև ներկա էին, սակայն ելույթ չունեցան:

Իր ելույթում Ծառուկյանը դարձյալ վերահաստատեց մոտեցումները՝ սոցիալական բնակարանաշինություն պետք է իրականացնել, հարկային օրենսգիրքը փոխել, բարենպաստ դաշտ ստեղծել գործարարների և գյուղացիների համար, բանկային տոկոսադրույքներն իջեցնել, առողջապահության համակարգը, տրանսպորտի վիճակը բարելավել:

«Ձեր ձայնը տվեք մեզ՝ մենք անելու ենք», - խոստացավ ԲՀԿ առաջնորդը: - «Ժողովուրդը ոնց կորոշի, կգտնի, կվստահի, կտա՝ մենք էլ կանենք: Ես չեմ ասում, որ ձայն չտան՝ չենք անելու: Ինչ որ կա՝ արել եմ, անում եմ, անելու եմ: Հնարավորությունը մեծ կլինի՝ ավելի շատ կանեմ: Չի լինի՝ կանենք այնքան, ինչքան հնարավորություն կա»:

Ծառուկյանը շեշտեց՝ ուրիշներին սևացնելով չի կարելի առաջ գնալ: - «Դա միայն թույլ մարդը կարող է անել: Մարդը պետք է ներկայացնի իր ծրագիրը, իր իրական կյանքում արածը», - նշեց նա:

ԲՀԿ ղեկավարը նաև նկատեց՝ կան քաղաքական ուժեր, որ որևէ օգտակար գործ չեն արել, սակայն այժմ մեծ խոստումներ են տալիս: - «Ես օրինակ եմ ծառայել, որ չասեն՝ ինքը միայն խոսում ա, ոնց որ մեր շատ քաղաքական գործիչներ: Քարը քարի չեն դրել, 100 դոլար գումար չեն վաստակել, ոչ էլ մի բան կատարած իրա կյանքում, գործ․․․ որ, ասենք թե, ծառ տնկած չկան, բայց խոսում են պետության պատասխանատվությունից, որ դա այդպես չի լինում: Մարդը պետք է իրա ապրածով, արածով, գործունեությամբ քարը քարին դրած լինի, արած լինի, մարդիկ տեսած լինեն», - հայտարարեց Ծառուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG