Մատչելիության հղումներ

Ամերիկացի սենատորները համոզված են, որ Խաշոգջիի սպանության պատվիրատուն թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանն է


Ամերիկացի սենատորները վստահ են` սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատվիրատուն թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանն է:

Ամերիկացի օրենսդիրները այս միանշանակ հետևությանը հանգեցին անցած գիշեր Կապիտոլիումում կազմակերպված դռնփակ խորհրդակցության ընթացքում, որին ներկա էր Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջինա Հասփելը:

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ Հասփելը Սենատի առաջատար անդամներին է ներկայացրել Խաշոգջիի սպանության վերաբերյալ այն ողջ տեղեկատվությունը, որին տիրապետում է իր ղեկավարած գերատեսչությունը: Մի քանի ժամ շարունակված հանդիպումից հետո ամերիկացի սենատորների մեկնաբանությունները, որ վերաբերում էին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանին, ավելի քան կոշտ էին:

«Ես կարծում եմ նա խելագար է, վտանգավոր է և իր այս գործողություններով թագաժառանգը վտանգել է մեր հարաբերությունները: Իմ կարծիքով Խաշոգջիի սպանությանը նրա առնչության հավանականությունը շատ բարձր է: Նրա պահվածքը Խաշոգջիի սպանությանը նախորդող ժամանակահատվածում ավելի քան մտահոգիչ է: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է Մոհամադ Բին Սալմանը Միացյալ Նահանգների վստահելի գործընկերոջ դերում հանդես գալ: Միևնույն ժամանակ, մենք պետք է տարբերակենք Սաուդյան Արաբիան և Մոհամադ Բին Սալմանին: Դրա հետ մեկտեղ, քանի դեռ երկրի կառավարումը շարունակում է մնալ այդ մարդու ձեռքում, ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպես է զարգանալու մեր բնականոն համագործակցությունը», - նշում էր Հարավային Կարոլինայից ընտրված հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը:

Նրա խոսքով պաշտոնական Վաշինգտոնը պետք է լրջորեն մտածի Խաշոգջիի սպանության մեջ ներքաշված սաուդցիների դեմ թիրախավորված պատժամիջոցներ կիրառելու` նախևառաջ «Մագնիտսկու գլոբալ ակտի» կիրառման մասին: Հանրապետական սենատորը նաև կոչ է անում Սպիտակ տան պաշտոնյաներին լուրջ ուշադրություն դարձնել Խաշոգջիի սպանությանը և չանտեսել թագաժառանգի գործողությունները:

«Պետք է կույր ձևանալ, որպեսզի Մոհամադ Բին Սալմանի կողմից այս ողջ հանցագործության համակարգման և կազմակերպման վերաբերյալ հետևության չհանգել: Հավանականությունը, որ այս ամենը տեղի է ունեցել առանց թագաժառանգի իմացության, զրոյական է», - հայտարարում էր ամերիկացի սենատորը:

Գրեմի մեկ այլ գործընկերոջ` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Թենեսիից ընտրված հանրապետական Բոբ Քորքերի խոսքով Կենտրոնական հետախուզական վարչության կողմից ներկայացված փաստերի հիման վրա կարելի հանգել հստակ եզրակացության, որ Ջամալ Խաշոգջիի սպանությանը Մոհամադ Բին Սալմանի առնչությունը գործնականում ապացուցված է:

«Ես որևէ անպատասխան հարց չունեմ կապված այն իրողության հետ, որ հենց Մոհամադ Բին Սալմանն է պատվիրել է այդ սպանությունը, հետևել է դրա կատարման ընթացքին, նախապես ծրագրել է այն և տեղյակ է եղել, թե ինչ է կատարվում: Եթե նա կանգներ երդվյալ ատենակալների դատարանի առջև` ապա նրան 30 րոպեում մեղավոր կճանաչեին: Այժմ այլ հարց պետք է քննարկվի` ի՞նչ քայլերի ենք դիմելու մենք: Առայժմ իրադրությունն այնքան էլ բարվոք չէ, քանի որ սաուդցիներին թվում է, որ ամեն ինչ անցյալում է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրամփի վարչակազմն առանձնապես կոշտ հայտարարություններով հանդես չի եկել և տպավորություն է ստեղծվել թե [սաուդցիները] որոշակի անձեռնմխելիությամբ են օժտված», - նշում էր Բոբ Քորքերը:

Սաուդյան Արաբիայի հանդեպ կտրուկ գործողությունների օգտին են հանդես գալի նաև ամերիկյան սենատի դեմոկրատ անդամները: Նյու Ջերսիից ընտրված Ռոբերտ Մենենդեսի համոզմամբ ևս Խաշոգջիի սպանությանը արձագանքելու լավագույն ձևը թիրախավորված պատժամիջոցներն են:

«Միացյալ Նահանգների կողմից հստակ և միանշանակ պատասխանը կարող է ուղերձ հանդիսանալ, որ նման գործողությունները համաշխարհային ասպարեզում անընդունելի են», - հայտարարում էր Մենենդեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG