Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ստուգում է քարոզարշավը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերը


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 16.40-ի սահմաններում, ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է զանգահարել «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Մարիամ Չախոյանը ու հայտնել, որ «երբ նույն օրն իր կուսակից Ռոբերտ Դավթյանը քարոզչական թռուցիկներ էր բաժանում Ապարան քաղաքի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ, իրենց է մոտեցել մի տղամարդ, խոչընդոտել, հորդորել է հեռանալ, փորձել է թռուցիկները ձեռքերից վերցնել, բայց ինքը թույլ չի տվել և պահանջել է ներկայանալ ու բջջային հեռախոսով նկարել է այդ ամենը»:

Ըստ ոստիկանության, Չախոյանը նաև հայտնել է, որ «տղամարդը բջջային հեռախոսը ձեռքից խլել է, մտել առևտրի կենտրոն, նրանք նույնպես ներս են մտել և իրենց պահանջից հետո վերադարձրել է հեռախոսը, իսկ ներսում գտնվողները վիրավորել են իրենց»:

Մարիամ Չախոյանն ավելացրել է նաև, որ տեղի ունեցածին ականատես են եղել ոստիկանության երկու ծառայող, որոնք «անգործություն են դրսևորել և չեն միջամտել»:

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձը Ապարանի բնակիչ, 1986 թ. ծնված Հայկ Կիրակոսյանն է, որը հրավիրվել է բաժին և բացատրություն տվել, որ չի խոչընդոտել նախընտրական քարոզարշավին, այլ չի ցանկացել, որ իրեն նկարահանեն, դրա համար էլ վերցրել է Մ.Չախոյանի հեռախոսը, որ իր հատվածը ջնջի, սակայն չկարողանալով ջնջել` հեռախոսը վերադարձրել է Մ.Չախոյանին: Մ.Չախոյանը հրաժարվել է հաղորդում տալուց: Հ.Կիրակոսյանը բաց է թողնվել», - ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանության ծառայողների ենթադրյալ անգործության վերաբերյալ Չախոյանի հայտարարության կապակցությամբ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, խնդրել են, որ շտապ ոստիկան գնա Մրգաստան գյուղ:

«Մեկնած օպերատիվ խմբին «Իմ քայլը» դաշինիքի պատգամավորական թեկնածու Արուսյակ Մանավազյանը բանավոր հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Մրգաստան գյուղի կենտրոնական հատվածում ոմն Գևորգ իր և իր թիմի անդամների հետ վիրավորական տոնով է խոսել, փորձել է խոսքերով սադրել թիմին անօրինական գործողությունների և քարեր է նետել թիմի անդամների ուղղությամբ, ինչի հետևանքով ոչ մեկը չի վնասվել», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ Ոստիկանության, պարզվել է, որ Գևորգը Մրգաստան գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Գևորգ Հ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 14.40-ին ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG