Արդարադատության նախարարությունը կոչ է արել սոցիալական, այդ թվում՝ զբաղվածության խնդիրներ ունեցող համաներմամբ ազատ արձակված անձանց դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ, այդ թվում՝ սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ և զբաղվածության տարածքային կենտրոններ:
«Տեղյակ եք, որ ներկայում ընթանում է«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառման գործընթացը:
Հաշվի առնելով այդ հանգամանքն՝ Արդարադատության նախարարությունը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ համաներման հիմքով պատժից ազատված անձանց վերասոցիալականացման գործընթացի շարունակականությունն ապահովելու և, ըստ այդմ, կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ուստի, առաջարկում ենք համաներման հիմքով պատժից ազատված այն անձանց, որոնք ունեն սոցիալական, այդ թվում՝ զբաղվածությանն առնչվող խնդիրներ, դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ, այդ թվում՝ սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ և զբաղվածության տարածքային կենտրոններ», - ասված է նախարարության հաղորդագրությունում:
Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը։
Համաներումն ընդհանուր առմամբ տարածվում է 6.5 հազար անձանց վրա, 835 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։
Ըստ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, դեկտեմբերի 4-ի դրությամբ ազատ է արձակվել 545 դատապարտյալ։