«Բիզնես Արմենիա»-ն հրապարակել է ոսկերչության ոլորտի ձեռքբերումներն ու ներդրումային առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որում ներառված հետազոտության տվյալով՝ Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում ոսկերչական զարդեր և թանկարժեք քարեր արտահանող երկրորդ երկիրն է։
«Անցած տարի արտադրված զարդերի ու թանկարժեք քարերի կեսից ավելին արտահանվել է Շվեյցարիա։ Ոլորտի մասնաբաժինն ամբողջ արտահանումների ծավալի 13 տոկոսն է կազմում։ Զարդերի արտադրությունն անցած տարի աճել է 36 տոկոսով, իսկ միայն ադամանդի վերամշակման ծավալը վերջին 4 տարում տարեկան միջինը աճել է ավելի քան 50 տոկոսով», - ասված է «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմի հաղորդագրությունում:
Հայաստանում ոսկերչության ոլորտի ներդրումային գրավչությունների շարքին են դասվել փաստերը, որ հումքի ներմուծումն ամբողջությամբ ազատված է ԱԱՀ-ից, և որ Հայաստանում ժամագործությամբ, ադամանդագործությամբ, ոսկեգործությամբ զբաղվող ընկերությունների համար գործում է ազատ տնտեսական գոտի։
Հրապարակվել է նաև միջազգային ներդրողներին ուղղված տեղեկատվական տեսանյութ, որը ներկայացնում է ոսկերչության ոլորտի ցուցանիշերն ու արտոնյալ ռեժիմները։
«Մարքեթինգային փաթեթն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Հետազոտությունը և ամբողջական փաթեթը՝ Select Armenia-ի հարթակներում են», - ասված է հաղորդագրությունում: