Մատչելիության հղումներ

Դոդոնը Պուտինին շնորհակալություն է հայտնում օգնության համար


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Մոսկվա, 31-ը հոկտեմբերի, 2018թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Մոսկվա, 31-ը հոկտեմբերի, 2018թ․

Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել նրա օգնության համար, որպեսզի Ռուսաստանում բնակվող, այդ թվում` անօրինական բնակվող մոլդովացի աշխատանքային միգրանտները կարողանան անպատիժ խախտել ռուսական միգրացիոն օրենքները, կարճ ժամկետով տուն վերադառնան՝ 2019 թվականի փետրվարի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու համար:

Դոդոնը Ֆեյսբուքի իր էջում գրել է, թե նոյեմբերի սկզբին Մոսկվա իր այցելության ժամանակ Պուտինի հետ համաձայնության են եկել, որ Ռուսաստանում գտնվող մոտավորապես 170 հազար մոլդովացի աշխատանքային միգրանտները՝ ներառյալ նրանք, ովքեր խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենքները, հնարավորություն ունենան գալիք հունվարին ու փետրվարին դուրս գալ Ռուսաստանից և առանց խնդիրների վերադառնալ մարտին: Դոդոնը գրել է, որ նրանք պատասխանատվություն չեն կրի, եթե անգամ խախտել են ռուսական միգրացիոն օրենսդրությունը: «Սա նաև ցույց է տալիս Ռուսաստանի ղեկավարության մեծ հետաքրքրությունը՝ օգնելու մեր քաղաքացիներին և զարգացնելու մեր երկու երկրների ռազմավարական համագործակցությունը», - նշել է Մոլդովայի նախագահը:

Ռուսական կողմը պաշտոնապես հաստատել է ձեռք բերված պայմանավորվածությունը: Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 3-ին հայտարարել է, որ Մոլդովայի այն քաղաքացիները, որոնք խախտել են Ռուսաստանում մնալու թույլատրված ժամկետները, պատասխանատվության չեն ենթարկվի, եթե երկրից դուրս գան մինչև 2019-ի փետրվարի 24-ը, այսինքն՝ Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների օրը:

Ռուսաստանին հավատարիմ Դոդոնը Մոլդովայի սոցիալիստական կուսակցության առաջնորդն է, որը ժամանակին անջատվել էր նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի Կոմունիստական կուսակցությունից: Պուտինի հետ պայմանավորվածությունը ենթադրում է, որ գալիք խորհրդարանական ընտրություններին ռուսամետ Դոդոնը ակնկալում է ստանալ Ռուսաստանում բնակվող ավելի քան 100 հազար մոլդովացիների ձայները:

Դոդոնը հաղթել է Մոլդովայի 2016 թվականի նախագահական ընտրություններում և շատ հարցերում տարաձայնություններ ունի արևմտամետ խորհրդարանի և կառավարության հետ: Չնայած Մոլդովայի նախագահի լիազորությունները սահմանափակ են, այնուամենայնիվ, նա հաճախ է կառավարությանը հակառակ քայլեր կատարում:

Դոդոնը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Մոլդովայի անդամակցության կողմնակից է և հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ դիտորդի կարգավիճակով մասնակցելու է ԵԱՏՄ-ի բարձրագույն խորհրդի նիստին: Դոդոնը 2017-ին էր դիմել ԵԱՏՄ-ին Մոլդովայի անդամակցության համար, բայց երկրի խորհրդարանը և կառավարությունը նրա դիմումը չեն ճանաչում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG