Մատչելիության հղումներ

Ռուսաստանի մարզիկներին պատժելու որոշումը մնում է ուժի մեջ


Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի Ռուսաստանի հարցով հանձնաժողովի ղեկավար Ռունե Անդերսենը, Մոնակո, 4 դեկտեմբերի, 2018թ.
Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի Ռուսաստանի հարցով հանձնաժողովի ղեկավար Ռունե Անդերսենը, Մոնակո, 4 դեկտեմբերի, 2018թ.

Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիան քվեարկությամբ երկարաձգել է Ռուսաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նկատմամբ գործող պատժամիջոցները, ինչի հետևանքով ռուսաստանցի մարզիկները վերստին զրկվել են ազգային դրոշի ներքո միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից:

Այդ մասին հայտնել է թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի Ռուսաստանի հարցով աշխատանքային հանձնաժողովի ղեկավար Ռունե Անդերսենը:

«Ոորոշվել է չվերականգնել ռուսաստանցի մարզիկների իրավունքները, քանի դեռ ամբողջապես չեն կատարվել «ճանապարհային քարտեզով» նախատեսված բոլոր հանձնարարությունները»,- ասել է Անդերսենը:

Նրա փոխանցմամբ, թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիան, մասնավորապես, պահանջում է անհապաղ ընձեռել մոսկովյան լաբորատորիայում պահվող հակադոպինգային համաշխարհային գործակալության փորձանմուշները հետազոտելու հնարավորություն:

Բացի այդ, ռուսական կողմը պետք է վճարի 2 միլիոն 760 հազար դոլար հատուցում ֆեդերացիայի իրավունքները վերականգնելու համար:

Ռուսաստանի անդամությունը թեթև ատլետիայի միջազգային ֆեդերացիային սառեցվել է 2015 թվականին՝ խթանիչների համատարած կիրառման փաստերի բացահայտման կապակցությամբ:

2016 թվականին միջազգային ֆեդերացիան ընդունել որոշում, ըստ որի խթանիչներ չօգտագործող առանձին ռուսաստանցի մարզիկներ կարող են անհատական կարգով մասնակցել միջազգային մրցումներին, պայմանով, որ չեն ներկայանա պետական դրոշի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG