Վրացական դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել կիրակի օրը թբիլիսյան երկու հյուրանոցներում ձերբակալված խմբի անդամներին, որոնցից յոթը Ուկրաինայի, մեկն էլ՝ Վրաստանի քաղաքացիներ են:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Գուրու» և «Ալյանս» հյուրանոցներում իրականացված հատուկ գործողության ընթացքում խմբի անդամների մոտ «Բերետա» և «Մակարով» տեսակի ատրճանակներ, փամփուշտներ և մեկ նռնակ է հայտնաբերվել:
Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածները Ուկրաինայի զինված ուժերի կազմում գործող «Դոնբաս» կամավորական գումարտակի նախկին մարտիկներ են: Գործողության պահին խմբի անդամների հետ է եղել նաև «Դոնբասի» նախկին հրամանատարը՝ այժմ Ուկրաինայի Գերագույն ռադայի անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Սեմյոն Սեմյոնչենկոն: Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սեմենչենկոն ձերբակալությունից խուսափել է բացառապես իր պատգամավորական կարգավիճակի և դրանից բխող դիվանագիտական անձեռմխելիության շնորհիվ:
Ուշագրավ է, որ Դոնբասի պատերազմի զինված վետերանները ձերբակալվեցին նույն օրը, երբ վրացական ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Ռուսթավելիի պողոտայում` պահանջելով չեղարկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Իշխող «Վրացական երազանք»-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ խմբի անդամները նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներ են և ըստ ամենայնի սադրանք էին նախապատրաստում, որը կարող էր կտրուկ սրել ներքաղաքական իրադրությունը երկրում:
Ինքը Սեմենչենկոն պնդում է, որ Թբիլիսի ժամանած խմբի անդամները զբոսաշրջիկներ էին և Վրաստանի մայրաքաղաքում ցանկանում էին հանդիպել Դոնբասի պատերազմում իրենց հետ մարտնչած մյուս վրաց վետերանների հետ:
«Նրանք զինված չէին: Այդ զենքի կարիքը այդ մարդիկ պարզապես չունեին, քանի որ Թբիլիսի այցի նրանց նպատակը ինչ-որ քաղաքական ակցիաների մասնակցելը չէր: Կարծում եմ, որ այդ զենքը [ոստիկանությամն կողմից է] նրանց սենյակներում տեղադրվել: Ձերբակալվածները փաստաբանների հետ զրույցում նույնն են ասել` պնդելով, որ տեղի ունեցածը սադրանք էր: Այդ սադրանքի հեղինակները այն մարդիկ են, որոնք ուզում են, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե վրացական ընդդիմությունը խաղաղ գործողությունների կողմնակից չէ և ցանկանում է իշխանությունը ուժով բռնազավթել», - ֆեյսբուքյան իր էջում տարածած հայտարարության մեջ նշում էր ուկրաինացի պատգամավորը:
Ուկրաինական իշխանությունները, սակայն, պնդում են, որ Սեմենչենկոյի գործողությունների արդյունքում Կիևը և Թբիլիսին կարող են դիվանագիտական ճգնաժամի շեմին հայտնվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խորհրդական Յուրի Բիրյուկովը` վստահաբար պնդելով, թե ուկրաինացի պատգամավորը ոչ միայն շփվել է Թբիլիսիում ձերբակալված խմբի անդամների հետ, այլև համակարգել է նրանց գործողությունները:
Վրաց իրավապահները առայժմ չեն շտապում հետևություններ անել` սահմանափակվելով մշուշոտ ակնարկներով:
«Երբ օտար պետության քաղաքացիները կազմակերպված խմբով ժամանում են, երբ օպերատիվ որոշակի տեղեկատվություն է ստացվում, բնական է, որ կարող են տարատեսակ կասկածներ ի հայտ գալ: Այսօր, սակայն, մենք զերծ ենք մնում միանշանակ պնդումներից: Իհարկե կան որոշակի կասկածներ, որոնք ծագել են այն հայտարարություններից, որ հնչեցրել են [խմբի անդամները] ձերբակալության պահին: Կասկածներ են ծագել նաև ելնելով Թբիլիսիում կազմակերպված մի շարք բողոքի գործողություններ նրանց այցելությունից, բայց և այնպես, մենք պետք է սպասենք թե ինչ ուղով կընթանա հետաքննությունը», - այսօր լրագրողների հետ զրույցում նշում էր Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: