Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա երեկ ձերբակալվել է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Ա․Մ․-ն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից պետական գույքի կառավարման և մասնավորեցման ոլորտում իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում մասնավորապես պարզվել է, որ «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22 միլիոն 695 հազար 306 դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված՝ Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող հազար 882 ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5 հազար 342 ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7 հազար 60 ք/մ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքները, որոնք ընդհանրապես օտարման ենթակա չէին»:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, որակավորում ունեցող անձանց կողմից սեպտեմբերի 26-ին կատարված գույքի գնահատման հաշվետվության համաձայն 22 միլիոն 695 հազար 305 դրամով օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244 միլիոն 600 հազար դրամ, ինչը շուրջ տասն անգամ ավելի է Կառավարության որոշմամբ սահմանված գնից:
Դեպքի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հոկտեմբերի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասով և 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 2-րդ մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: