Մատչելիության հղումներ

Ծառուկյանի խոսքով, նախկինում իրեն «թույլ չէին տալիս գործ անել»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Վանաձորում հայտարարեց, թե նախկինում իրեն թույլ չէին տալիս գործ անել։

Տարիներ շարունակ իշխանության մաս կազմած կուսակցության ղեկավարը չմանրամասնեց, թե ինչ արգելքների մասին է խոսքը և ում կողմից, բայց խոչընդոտները կապեց «վերևներում» եղած նախանձի հետ։

«Մենք ունենք մեր ծրագրերը, ինչ որ արել եմ` արել եմ, անում եմ, անելու եմ։ Իհարկե, ասենք թե, առաջներում չէին էլ թույլ տալի անեմ։ Թույլ չէին տալի ես անեմ, իրանք էլ չէին անում։ Բայց միշտ պատրաստ եմ եղել անելու, կազմակերպելու։ Մի լավ բան անելով իմ ժողովրդի համար՝ ես ինձ լավ եմ զգացել», ֊ դիմելով աջակիցներին ասաց Ծառուկյանը՝ շարունակելով. ֊ «Մենք նախանձ ազգ ենք, ասեմ։ Դա սովորական ժողովրդին չի վերաբերում։ Դա վերևները... Այ քու ցավը տանեմ՝ դու էլ արա, քեզ էլ հարգեն֊սիրեն։ Համ չես անում, համ ուզում ես հարգեն֊սիրեն»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը նախկինում զարգացած արդյունաբերություն ունեցած Լոռիում իրավիճակը համեմատեց 1947 թվականի հետ։ ֊ «Բոլոր գործարաններն ավերված ու քանդված են», ֊ փաստեց Ծառուկյանն ու նշեց, թե իրենց ծրագրերում դրանք վերականգնելու մասին դրույթներ կան։ Գումարները նպատակային ծախսելու դեպքում անհնար ոչինչ չկա, ասաց ԲՀԿ առաջնորդը. ֊ «Սենց չի կարող շարունակվել՝ անկում, անկում անկում։ Պետք է կանգնի։ Կանգնելուց հետո պետք է զարգանա։ Ցանկացած ոլորտ, ցանկացած որոշում, ցանկացած բյուջեի գումար, որ ծախսվում ա, պետք է միարժեք, հետևողական, սրտացավորեն, ոնց որ անձնական գումարը՝ ճիշտ նպատակաին ծառայի, արդյունավետ լինի և ժողովուրդը իր ապրելակերպի, առօրյայի վրա դա զգա։ Դա անհնարին բան չի, դա հնարավոր է»։

Գագիկ Ծառուկյանը Վանաձորում խոսեց նաև վարկերից։ Ըստ նրա՝ Հայաստանում ապրող 650 հազար ընտանիք կա և 1.5 միլիոն վարկառու, ովքեր վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով դժվար իրավիճակների մեջ են հայտնվում՝ ընդհուպ մինչև սեփականությունից զրկվելը։

«Անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն, որ բոլորն էլ զգան։ Բանկերի տոկոսների համար հարկավոր է առողջացման ծրագիր», ֊ հայտարարեց ԲՀԿ առաջնորդը։

«Բարգավաճ Հայաստանի» հանրահավաքի մասնակիցների մի մասը Երևանից ու այլ մարզերից էին։ Ասում էին, որ ԲՀԿ-ի հանրահավաքներին մասնակցում են բոլոր մարզերում։

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց «Ազատության» հարցին, թե արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի Ազգային ժողովի՝ վաղվանից սկսվող քառօրյա նիստերին, որոնց ընթացքում նախատեսված է քննարկել հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG