Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ երկրները պետք է միավորվեն առաջընթաց ապահովելու համար․ Լուկաշենկո


Պատժամիջոցները տնտեսությունը զարգացնելու շանս են Եվրասիական միության անդամ երկրների համար, «Ռոսիա 24»֊ին տված հարցազրույցում հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հարցազրույցն ամբողջությամբ եթեր կհեռարձակեն Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի նախօրեին: Մինչ այդ, հեռուստաընկերության մեկնաբան Սերգեյ Բրիլյովը այդ հարցազրույցից որոշ հատվածներ է ներկայացրել: Լուկաշենկոն, մասնավորապես, ասել է․ - «Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է միավորվեն առաջընթաց ապահովելու համար ի հեճուկս նրանց, ովքեր Ռուսաստանի, այսինքն մեր դեմ պատժամիջոցներ են սահմանում»:

Բելառուսի նախագահը հավելել է, թե դժվար է արդյունավետ պատժամիջոցներ կիրառել մի տարածքի դեմ, որտեղ շուրջ երկու հարյուր միլիոն մարդ է ապրում: Եվ, ընդհանրապես, Լուկաշենկոյի խոսքով Եվրասիական տնտեսական միության երկրներում ապրում է հպարտ, սովետական քաղաքացի, ում դժվար է կոտրել:

Եվրասիական տնտեսական միությանը անդամակցում են Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Հայաստանը:

Սերգեյ Բրիլյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահը անդրադարձել է նաև Եվրամիության հետ Բելառուսի այսօրվա հարաբերություններին: Լուկաշենկոն, մասնավորապես, ասել է, թե Մինսկը պարզապես ուզում է համագործակցել եվրոպացիների հետ, սակայն գիտակցում է, որ մեծ հաշվով Եվրամիությանը առանց Լուկաշենկոյի Բելառուս է պետք:

Ալեքսանդր Լուկաշենկոն ղեկավարում է երկիրը 1994 թվականից: Հաջորդ նախագահական ընտրությունները անցնելու են Բելառուսում մեկ տարուց, և Լուկաշենկոն այդ ընտրություններին մասնակցելու և հաղթելու լուրջ հավակնություններ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG