Հեռավոր 2007 թվականին Բրազիլիայի հավակականի և «AC Milan»-ի աստղ Ռիկարդո Իզեկսոն դոս Սանտոս Լեյտեն, ով աշխարհին հայտնի է Կակա անունով, վաստակել է Ոսկե գնդակը (Ballon d'Or):
Դրանից հետո ճիշտ տասը տարի շարունակ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել և ՖԻՖԱ-ի ու France Football ֆրանսիական մարզական հանդեսի սահմանած մրցանակը՝ «Ոսկե գնդակը», ստացել կամ Արգենտինայի ընտրանու և «Barcelona» ակումբի առաջնորդ, հանճարեղ Լիոնել Մեսսին, կամ Պորտուգալիայի ավագ, հանճարեղ Կրիշտիանու Ռոնալդոն, ով ընդհուպ մինչև անցած մրցաշրջան Մադրիդի «Real»-ի կազմում էր, իսկ այսօր խաղում է Տուրինի «Juventus F.C.» ակումբում:
Այսօր երեկոյան կարող է բացվել համաշխարհային ֆուտբոլի պատմության նոր էջը:
Մեսսիի և Ռոնալդոյի գերիշխանությունը ֆուտբոլում կարող է եթե ոչ դադարել, ապա առնվազն մեկ տարով ընդհատվել, քանի որ, ըստ փորձագետների և մեկնաբանների, «Ոսկե գնդակն», ամենայն հավանականությամբ, կստանա Խորվաթիայի հավաքականի և Մարդիդի «Real»-ի աստղ, կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
Նրա առաջնորդած հավաքականն անցել է ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ծանր ընտրական փուլը և Ռուսաստանում կայացած մրցաշարում հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է Ֆրանսիայի ընտրանուն:
Այսօր «Ոսկե գնդակի» համար պայքարում Մոդրիչի մրցակիցներն են Մադրիդի «Real»-ի և Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռաֆաել Վարանը, «Paris Saint-Germain»-ի և Ֆրանսիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեն, Մադրիդի «Atletico»-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը և, իհարկե, «Ոսկե գնդակը» հինգ անգամ վաստակած մեծն Կրիշտիանուն:
Այսօր երեկոյան «Ոսկե գնդակ» առաջին անգամ կստանա նաև աշխարհի լավագույն կին-ֆուտբոլիստը (Ballon d'Or Féminin):
Հիմնական հավակնորդն է համարվում անցյալ տարի լավագույնը ճանաչված «Barcelona» ակումբի և Հոլանդիայի հավաքականի աստղ Լիկե Մարտենսը:
Բացի այդ, այսօր երեկոյան հայտնի կդառնա նաև մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի անունը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Մոդրիչը շնորհավորել է Ռոնալդոյին՝ «Ոսկե գնդակը» ստանալու առիթով, երբ պորտուգալացին տոնել է նվաճումը Մադրիդի «Santiago Bernabeu» մարզադաշտում:
Հիմա, կարծես թե, Մոդրիչի հերթն է: Հաղթողի անունը կհայտարարվի Փարիզում՝ Երևանի ժամանակով մոտ կեսգիշերին:
Մոդրիչին Ֆրանսիայի մայրաքաղաք կուղեկցեն Մադրիդի ««Real»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, թիմի ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը և լեգենդար վետերաններ իսպանացի հարձակվող Ռաուլն ու բրազիլացի ձախ պաշտպան Ռոբերտո Կարլոսը:
1956-2009 թվականներին France Football ֆրանսիական հանդեսը «Ոսկե գնդակը» շնորհել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին, իսկ ՖԻՖԱ-ն շնորհել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը:
2010-ը թվականին ՖԻՖԱ-ն և ֆրանսիական հանդեսը միավորել են մրցանակները, և «Ոսկե գնդակը» տրվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: 2016 թվականից ՖԻՖԱ-ի համաձայնությամբ՝ «Ոսկե գնդակի» շնորհում է վերապահվել է միայն հանդեսին: