Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանը հանձնարարել է չթույլատրված վայրերից հեռացնել քարոզչական պաստառները


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բոլոր պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է՝ անհապաղ հեռացնել բոլոր այն քարոզչական պաստառները, որոնք փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում։

«Եվ կապ չունի, թե դա որ կուսակցությանն է», - Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետը:

Մարությանը նշել է, որ Քաղաքապետարանն ապակուսակցական մարմին է և պետք է ապահովի հավասարություն բոլորի համար:

«Եթե չի թույլատրվում, ապա պետք է անհապաղ հեռացվեն և կանխվեն նոր պաստառների փակցման դեպքերը, որպեսզի քաղաքապետարանը հետո գումար չծախսի դրանց հեռացման համար: Այս առումով խնդրում եմ աչալուրջ լինել: Հորդորում եմ նաև բոլոր քաղաքական ուժերին, որ իրենց թեկնածուներին զգուշացնեն և թույլ չտան նման ապօրինություններ», - նշել է քաղաքապետը:

Քաղաքապետին զեկուցվել է, որ ձեռնարկված են անհրաժեշտ քայլերը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար: 475 տեղամասային կենտրոններից 308-ում աշխատանքներն ավարտված են, իսկ 157-ում թեքահարթակների տեղադրումն անհնար է, որովհետև տեղամասերը գտնվում են շենքերի 2-րդ հարկում: Այս շենքերում խնդրին իրավիճակային լուծում կտրվի:

Մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ նորմերի պահպանման նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է նախևառաջ գույքագրել բոլոր շինհրապարակները, վերանայել շինհրապարակի կազմակերպման նորմերը, ապա՝ շինարարական կազմակերպություններին ուղարկել նախազգուշացումներ և առավել ուժեղացնել հսկողությունը:

«Վստահ եմ, որ գրեթե բոլոր շինհրապարակներում այսօր չեն պահպանվում նորմերը: Մենք պետք է շատ կոշտ արձագանքենք այս ամենին: Պետք է նախ գույքագրել շինհրապարակները, կատարել ուսումնասիրություններ և սկսել պահանջել շինարարության պատասխանատուներից», - ընդգծել է Հայկ Մարությանը։

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ շարունակվում է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում:

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, դրամաշնորհային միջոցներով մեկնարկել է Երևանում առկա վերելակային տնտեսության տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որի շրջանակներում հավաքագրված տեղեկատվությունը տրամադրվելու է խորհրդատու ընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG