Մատչելիության հղումներ

«Մենք ոչ մեկի տնտեսական գործունեությունը չենք կաշկանդելու». Նիկոլ Փաշինյան


«Մենք պետք է ապահովենք, որ բոլոր ընկերությունները լինեն հավասար դաշտում և օրինականության մեջ», - այսօր Վեդիում «Իմ քայլ»-ը դաշիքնի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց՝ ուզում է քաջալերանքի խոսքեր ասել այն ընկերություններին, ովքեր մթերումներ են իրականացնում պատշաճ գներով, ովքեր Հայաստանից գյուղմթերք են արտահանում։

«Դա շատ գնահատելի և կարևոր աշխատանք է։ Այո՛, հարկային ստուգումներ էլ կլինեն, պետության առաջ նրանց պարտավորությունների ճշգրտում կլինի, բայց ոչ մեկն այս պրոցեսում չպետք է ահաբեկվի, լարվի։ Այո՛, պետության հարկերը պետք է վճարվեն, բայց մենք այս պրոցեսում ոչ մի ընկերության համար բարդություն չենք ստեղծելու։ Երբ որ խնդիր է ծագել՝ «Սպայկա» ընկերությունում ստուգում իրականացնելու անհրաժեշտություն է եղել, ես ասել եմ հետևյալը՝ գյուղմթերքի արտահանումը մի կիլոգրամով անգամ չպետք է տուժի։ Ես նորից ուզում եմ ասել բոլոր այն ընկերություններին, ովքեր մթերում են, մենք քաջալերում ենք։ Իրենք թող իմանան, որ մենք մեր ուժերի չափով իրենց ամեն ինչով աջակցելու ենք։ Բայց ասում ենք, որ աշխատանքը մարդու իրավունքները սահմանափակելու գործիք չպետք է դառնա, օրինակ, գործարանատերերը իրենց աշխատողներին չպետք է հարկադրեն որևէ մեկին ընտրել, կամ որևէ մեկին չընտրել՝ կլինի իշխանություն, ընդդիմություն։ Ում իմանանք, որ այդպիսի գործիք է կիրառում, մենք իր հետ խնդիր ենք ունենալու, դա քաղաքական խնդիր է, բայց մենք ոչ մեկի տնտեսական գործունեությունը չենք կաշկանդելու, ընդհակառակը՝ խրախուսելու ենք, օգնելու ենք», - ասաց Փաշինյանը։

Այս տարվա հուլիսին Պետական եկամուտների կոմիտեն հաղորդել էր, որ «Սպայկա» ընկերությունը, որը խոշորագույններից է միրգ-բանջարեղենի արտահանման ոլորտում, իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել շուրջ 2 միլիարդ 45 միլիոն դրամ գումար:

Սեպտեմբերին, սակայն ՊԵԿ-ը հայտարարեց՝ որոշում է կայացվել «Սպայկա»-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։

Ըստ հաղորդագրության, նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված համապատասխան հաշվարկներ:

«Արցախի հարցը լուծող-չլուծողը ժողովուրդն է»

Խոսելով Ղարաբաղից Փաշինյանը նշեց՝ եթե որևէ մեկը հեղափոխությանը մեղադրում է Հայաստանի կամ Արցախի դեմ դավադրության մեջ, ուրեմն նա հայ ժողովրդին է մեղադրում Հայաստանի կամ Արցախի դեմ դավադրության մեջ։

«Եվ մենք ասում ենք այսօր Արցախի հարցը լուծող-չլուծողը Հայաստանի կառավարությունը չէ, Արցախի հարցը լուծող-չլուծողը ժողովուրդն է։ Ֆիզիկապես ո՞նց են նրանք պատկերացնում, ժողովուրդ պատկերացնո՞ւմ եք, եկեք հասկանանք, բա մի կառավարություն, որ էդքան, կներեք արտահայտությանս, տուպոյ եղավ, գնաց, ինչ-որ դավադրությունների մեջ մտավ, բա հետո հետ չի՞ գալու։ Իրանք իրանց խառնում են ուրիշների հետ։ Էդ դուք եք, որ երբ որ գնացել եք բանակցությունների մտածել եք՝ «բա մեր էս մի Բրյուսելի բիզնեսի վերջը ի՞նչ է լինելու», «Մոսկվայի բիզնեսի վերջը ի՞նչ է լինելու», «բա Ամերիկայի մեր անշարժ գույքի վիճակը ի՞նչ է լինելու» և հիմա էլ Հայաստանի արտաքին քաղաքականությունն են քննադատում՝ «թե էս ոնց է, էս ոնց է...», - նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանն ընդգծեց՝ շատ բան է փոխվել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։

«Փոխվել է էն, որ Հայսատանում հաստատված է կառավարություն, որ ոչ մի միայն Հայաստանում, այլև աշխարհի ոչ մի անկյունում ոչ մի բիզնես շահ չունի», - ասաց Փաշինյանը։

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Փաշինյանը հավելեց, որ Հայաստանում հաստատվել է մի կառավարություն, որի վրա աշխարհում ոչ մեկը ոչ մի կոմպրոմատ չունի և չի կարող ունենալ, ի տարբերություն նախորդների։

«Ես ձեզ հստակ ասում եմ, գուցե շատ կոշտ է հնչում, բայց ես հստակ ասում եմ, որ մեր կառավարության վրա երկրագնդի վրա չկա էդպիսի ուժ, որ մեր կառավարության վրա ազդելու որևէ լծակ ուենա։ Չկա էդպիսի ուժ ու չի լինելու։ Մեր կառավարության վրա ազդող միակ, բացառիկ ուժը կա և կլինի հայ ժողովուրդը, ուրիշ որևէ մեկը գլուխը պատին կտա, թե մեր վրա կկարողանա որևէ լծակ օգտագործել», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG