Մատչելիության հղումներ

Արա Բաբլոյանը ստացել է Արամ  Հարությունյանի հարցով Արթուր Դավթյանի միջնորդությունը


Արա Բաբլոյան, արխիվ
Արա Բաբլոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի հարցով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը։

«Հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,-նշված է Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:

Գլխավոր դատախազությունն այսօր տեղեկացրեց, որ 2015-ի սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008-ին զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 միլիոն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ըստ դատախազության, միաժամանակ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստացի Արամ Հարությունյանին են պատկանում Երևան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենք, ռեստորանային համալիր, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը, ըստ դատախազության, բավարար հիմք է տալիս Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG