Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմությունը «քաղաքական ճգնաժամի հաղթահարման» հարցով իշխանություններին բանակցությունների է հրավիրում


Վրաստանի նախկին արտգործնախարար, նախագահի արդեն նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձե, արխիվ
Վրաստանի նախկին արտգործնախարար, նախագահի արդեն նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձե, արխիվ

Վրացական ընդդիմությունը երկրի իշխանություններին առաջարկում է բանակցություններ սկսել, իրենց բնորոշմամբ, «քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները գտնելու նպատակով»: Այդ մասին կիրակի օրը Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց նախկին արտգործնախարար, նախագահի արդեն նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:

Նա, ըստ պաշտոնական տվյալների, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեների ավելի քան 40 տոկոսն էր ստացել:

«Մենք առաջարկում ենք կառավարությանը հատուկ աշխատանքային խումբ ստեղծել: Այն պետք է բաղկացած լինի 10 հոգուց` հնգական անդամ իշխանությունից և ընդդիմությունից: Քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո, քաղաքակիրթ, եվրոպացիներին վայել ձևով, բոլոր իրավաբանական նորմերի պահպանմամբ մենք կքննարկենք ներկա քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Մենք կառավարությանը ժամանակ ենք տրամադրում մինչև դեկտեմբերի 16-ը: Նշեմ, որ հենց իշխանությունների պատասխանից է կախված մեր հետագա գործողությունները», - հայտարարում էր Գրիգոլ Վաշաձեն:

Վրացական ընդդիմության գլխավոր պահանջն այս փուլում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որոնք պետք է տեղի ունենան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատարածքային ու տեղամասային հանձնաժողովների անդամների լիակատար փոփոխությունից հետո: Երեկ կայացած հանրահավաքի ժամանակ Գրիգոլ Վաշաձեն Վրաստանի ընտրական համակարգը վերից վար կոռումպացված էր անվանում:

«Մենք պատրաստ ենք ներգրավել քաղաքական պրոցեսի մեջ: Մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր պահանջների կատարմանը: Նախագահական կեղծված ընտրությունները երկրում տիրող քաղաքական իրավիճակի շատ հստակ բնութագիրն էին, դրանք ցույց տվեցին, որ «Վրացական երազանք» կուսակցությունը զուրկ է երկրի կառավարման մանդատից և հանրային վստահությունից: Այդ իսկ պատճառով մենք պահանջում ենք Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել». - հայտարարում էր Գրիգոլ Վաշաձեն:

Վրացական ընդդիմությունը դեկտեմբերի 16-ը որպես երկխոսության վերջնաժամկետ պատահական չի ընտրել: Այդ օրը Թբիլիսիում կայանալու է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG