Մատչելիության հղումներ

Ծառուկյանը չի հիասթափվի, եթե ԲՀԿ-ն 10 տոկոսից պակաս ձայներ ստանա


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի հիասթափվի, եթե, ինչպես ցույց են տալիս հարցումները, ԲՀԿ-ն 10 տոկոսից պակաս ձայներ ստանա դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

«Այսինքս ինչի՞ համար հիասթափություն ապրեմ։ Էդքան եմ կարողացել անել, չեմ կարողացել իմ ժողովրդի վստահությունը վերցնել, ու ժողովուրդը ինձ չի հավատացել կամ չի վստահում։ Կգա ժամանակ, ինձ թվում է՝ կվստահի, կհավատա։ Չի վստահի, հավատա, ում վստահում է՝ թող նրանք անեն։ Այդպիսի բան չկա: Ես շահադիտական նպատակով չի, ձեր ցավը տանեմ, ես դա կյանքով, գործով եմ ապացուցել», - «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարը վստահեցրեց, որ անկախ նրանից՝ իրեն կընտրեն, թե՝ ոչ, ինքը ոչ թե տեքստեր է անգիր արել ու ասում, այլ իսկապես գիտի ինչ է պետք մարդկանց ու ինչ խնդիրներ ունեն նրանք։

«Եվ այսօր դուք տեսնում եք, որ բոլորն էլ գիտեն՝ Ծառուկյանը ինչ որ ասեց, իր ասածը իրականություն է դարձնելու։ Չի կարող պատահի՝ ես բան ասեմ, դա չանեմ։ Էսօր մեր ժողովուրդը կարիք ունի, կարիք ունի ուշադրության, կարիք ունի հնարավորության, իրենց մասին մտածելու։ Իսկ պարոն Ծառուկյանը դա բոլորը ոչ թե անգիր է արել, գիտի՝ ինչ է պետք այդ մարդուն, սկսած գյուղատնտեսությունից, սկսած առողջապահությունից, սկսած կրթությունից, սկսած արտադրությունից։ Այդ քայլերը մենք միասնական պետք է քննարկենք և այս մարդկանց նպատակները իրականություն դարձնենք», - նշեց Ծառուկյանը։

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական հանդիպումներ անցկացրեց Արագածոտնի մարզում, առաջին կանգառն Աշտարակն էր, հաջորդը՝ Թալինը։

Կուսակցության քարոզարշավը Ծառուկյանը հիմնականում միայնակ իր ուսերին է տանում։ Այսօր Աշտարակում ևս միայն նա ելույթ ունեցավ՝ նախ ներկայացնելով իրենց ծրագրի տնտեսական հատվածը։

Գագիկ Ծառուկյանի կարծիքով՝ երկրում տնտեսական աճը ոչ թե թղթին գրված թվերով պետք է արտահայտվի, այլ նկատելի լինի մարդկանց սառնարաններում։ «Էսօր ասելով չի՝ տնտեսական աճ ունենք։ Տնտեսական աճը ժողովրդիդ առօրյան է, ապրելակերպը, հագուկապը։ Սառնարանը որ բացես՝ դրանից է երևում։ Այսօր այդ պարտքացուցակն է, այն հիմնական վարկերն է, դրանք պետք է մենք կարգավորենք։ Իսկ կարգավորելը, ես ձեզ նորից եմ ասում, հնարավոր է, անհնարին բան չկա։ Սրանից ավելի ծանր պայմաններ են եղել երկրում, տարբեր երկրներում», - ասաց ԲՀԿ առաջնորդը։

Աշտարակում Ծառուկյանը ներկայացրեց նաև իր կուսակցության տեսլականը առողջապահության ոլորտի բարեփոխումների մասին, ինչպես նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է զարգացնել գիտությունը։

«Նրանց մոտ ինքնարժեքը նստում է երկու դոլար, երեք, Չինաստանում նստում է, ասենք թե, 30 ցենտ։ Ինչ են անում՝ մարդիկ աշխատում են, կազմակերպում են լիարժեք, ասենք թե, գիտության հիման վրա։ Նույնպես մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք գիտությանը, պետք է գումարներ տրամադրենք, որ հիմնական, եթե ուզում ենք տնտեսությունը զարգանա, գիտությունը զարգանա։ Պարզ է՝ առաջին տարին հաջողություն չի լինի, երկրորդ, երրորդ, Աստվա՛ծ չանի, բայց գիտությունը այն է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնենք, հնարավորություն տանք, որ ունենանք հզոր զարգացող պետություն», - նշեց ԲՀԿ ղեկավարը։

Նախկին կառավարություններից շատերի հետ կոալիցիա կազմած, ինչպես նաև հեղափոխությանը աջակցած «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը քննադատեց նաև իր մրցակիցներին, վստահ՝ բոլոր խոստումներ տվողները չէ, որ դրանք իրագործելու են։

«Ես նայում եմ՝ բոլորը խոսելով, ասելով, ներկայացնելով․․․ Այ իրական կյանքում, ասում եմ, 100 դոլար վաստակե՞լ եք, մի հատ ծրագիր իրականացրե՞լ եք, մի հատ նորմալ, ասենք թե, ինչ-որ ոլորտ զարգացրե՞լ եք մրցունակ՝ իրական կյանքում։ Հասկանո՞ւմ եք, ասելը շատ հեշտ է, շատ գեղեցիկ, բայց իրականում մարդ պետք է արած լինի, գործ ունենա արած», - ընդգծեց նա։

Նախընտրական պաստառներով պատված բեմից իր ելույթի ընթացքում Ծառուկյանը այս անգամ ևս նշեց՝ չի խնդրում ու հորդորում, որ քաղաքացիները քվեն տան հենց «Բարգավաճ Հայաստան»-ին, բայց վստահեցնում է՝ «կախարդական փայտիկի» փոխարեն ճիշտ ծրագիր ունեն։

«Մենք կախարդական փայտիկ չունենք՝ մենք ճիշտ ծրագիրը, մոտեցումը, մեր հնարավորությունները, ծախսը և դրա շահույթը, եկամուտը ի օգուտ մեր երկրի, մեր ժողովրդի։ Եվ թե ով կասի, ես պատրաստակամ եմ համագործակցելու, աջակցելու, իրականություն դարձնելու», - հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG