Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավով գտնվում է Սյունիքի մարզում


«Իմ քայլը» դաշինքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր քարոզարշավ է անցկացնում Սյունիքի մարզում։

Վարչապետի պաշտոնակատարը արդեն ելույթ է ունեցել Մեղրի քաղաքում։ Նա անդրադարձավ Սյունիքում մինչ այժմ կատարված աշխատանքներին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոշորացված ութ համայնք կա Սյունիքի մարզում, հետևաբար՝ ամենամեծ դոտացիան հատկացվել է հենց Սյունիքի մարզին, բացի այդ՝ ամենամեծ թվով սուբվենցիոն ծրագրերը ևս տրամադրվել են Սյունիքի մարզին՝ 213 միլիոն դրամի մասին է խոսքը։

Վարչապետի պաշտոնակատարը իր ելույթում պատմեց նաև երեկ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդի հետ զրույցից, ում երեկ նա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել։ Նիկոլ Փաշինյանը Թրուշարդից հետաքրքրվել է, թե ԱՄՆ կառավարությունը ինչ ներդրում է ունեցել նրա հաջողության գործում, և պատասխանը Փաշինյանին բավականին հետաքրքրել է․ ամենամեծ ներդրումը, ըստ Թրուշարդի, չեն եղել արտոնյալ վարկերը, որոշակի արտոնությունները, աշխատատեղերը և այլն, այն եղել է կրթության ոլորտում։

Կառավարության ղեկավարը սա կարևոր օրինակ համարեց։ «Մենք հաճախ նայում ենք մեր երեխայի օրագրին և փորձում ենք հասկանալ, թե ինչ գնահատականներ են այնտեղ։ Այնտեղ բարձր գնահատականներ են՝ մենք գոհ ենք, ցածր գնահատականներ են՝ մենք դժգոհ ենք և երբեմն մենք դպրոցների և ուսուցիչների հետ աշխատում ենք, որպեսզի գնահատականները բարձրանան։ Սա թվում է թե նորմալ է, բայց մեր մոտեցումը ֆորմալ է, որովհետև մենք հաճախ հարց չենք տալիս՝ իսկ մեր երեխայի գնահատականը ինչքանո՞վ է համապատասխանում նրա ստացած գիտելիքին, մենք հարց չենք տալիս, թե արդյո՞ք մեր երեխան պատշաճ ձևով մեր դպրոցներում պատրաստվում է իր հետագա հաջողություններին։ Մենք ինչի՞ ենք պատրաստում նրան՝ ապրել կոռումպացված մի միջավայրո՞ւմ, որտեղ ամեն ինչ խնամի, ծանոթ, բարեկամով է, թե՞ մենք նրան պատրաստում ենք հաղթանակների, անհատական հաղթանակների», - ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ քաղաքացիների հետագա հաջողությունների կերտման գործում մեծ դեր ունի կրթությունը։ Հիշեց՝ Մեղրի նախորդ այցի ժամանակ խոստացել էր, որ այնտեղ մանկապարտեզ կկառուցվի, և «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ առաջիկայում այդ խոստումը ի կատար կածվի, քանի որ գործարարներից մեկը մեծ գումար է նվիրաբերել հիմնադրամին։

«Մենք պետք է չորս տարեկանից սկսած երեխաներին ընդգրկենք կրթական համակարգ, այսինքն՝ նախակրթարան, մանկապարտեզ և այդպես շարունակ», - ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը խոսեց «Իմ քայլը» դաշինքի տնտեսական քաղաքականության մասին։ Նա նշեց, որ ընթացիկ տարվա 10 ամիսների տվյալներով՝ Հայաստանից արտահանվել է 80 միլիոն դոլարի գյուղմթերք։ Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 49 միլիոն դոլար։

«Այսինքն՝ էս տարվա 10 ամսվա տվյալը արդեն նախորդ ամսվա տվյալներին, տարեկան տվյալներին գերազանցում է 61 տոկոսով։ Սա ես ինչու եմ ասում՝ սա ես ասում եմ նաև ոգևորելու համար այն մարդկանց, ովքեր Մեղրիի տարածաշրջանում զբաղվում են գյուղատնտեսությամբ», - ասաց նա։

Կառավարության ղեկավարը իր խոսքը եզրափակեց այսպես՝ որ այլևս Հայաստանում ՀՀ քաղաքացին է որոշում, թե ով է լինելու իշխանություն, և իշխանությունը պատկանում է բացառապես ժողովրդին, հետևաբար ինքը միայն շնորհակալ կլինի, եթե դեկտեմբերի 9-ին վստահեն և իրեն քվեարկեն։

«Խոնարհվում եմ բոլորիդ առաջ, և դուխով, ժողովուրդ ջան», - իր խոսքը եզրափակեց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG