Մատչելիության հղումներ

Լոռու մարզում ՀՀԿ-ական թեկնածուներն առայժմ միայն փոքր բնակավայրերում են ընտրողների հետ հանդիպումներ անցկացնում


Հանրապետական կուսակցությունը Վանաձորում հատուկենտ նախընտրական շտաբեր ու գովազդային պաստառներ ունի, որտեղ կուսակցության անվան որևէ նշում չկա։ Նշված է միայն թեկնածուի անունը և նրա համարը քվեաթերթիկում։

Լոռու մարզում Հանրապետականի տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուները դեռևս միայն փոքր գյուղական բնակավայրերում են ընտրողների հետ հանդիպումներ անցկացնում, ընդ որում՝ առանց նախապես հայտարարելու, թե որ համայնքներում են լինելու։ Տեղի ունեցած հանդիպումների մասին տեսանյութեր կամ լուսանկարներ են հայտնվում ավելի ուշ՝ թեկնածուների ֆեյսբուքյան էջերում։

Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ըստ տարածած տեսանյութերի, հանդիպումներ են անցկացրել իրենց հայրենի Ալավերդի քաղաքում և հարակից գյուղերում։

Հանրապետական թեկնածուները Լոռու մարզում չեն մասնակցում նաև հեռուստաբանավեճերին։ Երեկ Էդուարդ Շարմազանովն ու Լոռու մարզում առաջադրված մեկ այլ հանրապետական թեկնածու Արփինե Հովհաննիսյանը Վանաձորի տարբեր հեռուստաընկերությունների տաղավարներում հարցազրույցներ են տվել։ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ թեև առաջադրվել է թիվ 9 ընտրատարածքում՝ «անձնական դրդապատճառներով», բայց ընտրողներին հորդորել է իրենց ձայնը տալ Էդուարդ Շարմազանովին։

Վանաձորցիները «Ազատության» հետ զրույցներում ասացին, որ հանրապետականների նախընտրական հանդիպումներին չեն սպասում։ Ասում են, թե անգամ նրանց նախընտրական գովազդներն են զայրացնում իրենց։

«Հանրապետականը երեսուն տարի կերել ա, կերել ա Հայաստանը: Նրանք նամուս ունենան, պըտի էդ հանձնաժողովից սիրուն դռները փակեն ու թողեն դուրս գան», - ասաց մի տարեց տղամարդ: - «Իրանք նամո՞ւս ունեն, եղել նկարները կպցնում են պատերին: Պըտի նրանք իրանց նկարը ցույց չտան, գետինը մտնեն»:

Հանրապետական թեկնածուների նախընտրական հանդիպումներին մասնակցելու կամ թեկնածուներին հանդիպելու «Ազատության» փորձերը ձախողվեցին։ Կուսակցության՝ Վանաձորում տեղակայված կենտրոնական գրասենյակում այսօր Լոռու նախկին մարզպետը, որը ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն է, խիստ տոնով հրաժարվեց հարցազրույցից։

«Այն, ինչ անում ենք՝ մեր գաղտնիքն է», - ասաց Արթուր Նալբանդյանը՝ հրաժարվելով պատասխանել որևէ հարցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG