Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքները՝ նախընտրական ծրագրերում


Արխիվ -- Ցուցարարը պարզում է Հայաստանի Սահմանադրությունը
Արխիվ -- Ցուցարարը պարզում է Հայաստանի Սահմանադրությունը

Արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական գրեթե բոլոր ուժերն իրենց նախընտրական ծրագրերում անդրադառնում են մարդու իրավունքների ոլորտին։ Փոփոխությունների հասնելու ճանապարհները տարբեր են, բայց հիմնականում նույնն են խնդիրները, որոնք առանձնացնում են կուսակցությունները:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանն ասում է՝ իրենց ծրագրերի հիմքում ընկած է մարդու իրավունքների, հավասար հնարավորությունների և ազատությունների ապահովումը:

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր չունեն հավասար հնարավորություններ՝ ֆիզիկական մատչելիության, ծրագրային մատչելիության։ Կանայք նույնպես շատ հաճախ խոցելի են», - նշում է Բաթոյանը՝ հավելելով՝ իրենց բոլոր քայլերը հիմնված են քաղաքացու արժանապատիվ կյանքի, ներառականության սկզբունքների վրա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատարը առանձնացնում է աշխատանքի և կրթության իրավունքները․ - «Հիմնականում նաև շեշտը դնում ենք մարդու կարողությունների զարգացման վրա, որպեսզի անձը կայուն աշխատանք ունենա և ինքնուրույն կարողանա ապահովել իր արժանապատիվ կյանքը։ Մահացության մակարդակն էլ բարձր է, հատկապես առողջապահության անհասանելիության պատճառով։ Եվ այս մասով լուրջ քայլեր պիտի ձեռնարկենք, մասնավորապես՝ առողջապահական կամ սոցիալական ապահովագրության միջոցով»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանի կարծիքով՝ Հայաստանում այժմ իրացվում է ազատ խոսքի իրավունքը և այդ առումով չկան խնդիրներ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը մատնացույց է անում ոլորտները, որոնք կարիք ունեն բարեփոխումների․ - «Երեխաների իրավունքները, դպրոց հաճախելու հետ կապված, որը հաճախ չի պահպանվում, տարեցների իրավունքները՝ աղքատությունից դուրս գալու համար։ Մեր ծրագիրը, առհասարակ, մարդակենտրոն է»։

Հանրապետական կուսակցության թեկնածու Գարեգին Պետրոսյանը, թեև կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում այժմ բազմաթիվ խնդիրներ կան, այդուհանդերձ, նաև պնդում է՝ Հանրապետականն իր իշխանության տարիներին բազմաթիվ փոփոխություններ է իրականացրել:

«Տարիներ առաջ խաղաղ ցույցերի իրավունքը չէր իրականացվում, Հանրապետականի կառավարման օրոք սկսվեց իրականացվել, բազմակարծությունը սկսվեց գնահատվել, քաղաքացին հասկացավ, որ իր իրավունքների համար պայքարել նաև կարող է փողոցում՝ հանրահավաքի միջոցով, ինչը, կարծում եմ՝ կընդունեք, որ 10-15 տարի առաջ շատ բացառիկ երևույթ էր», - ասում է նա:

Հանրապետականի դիրքորոշումը մարդու իրավունքների ոլորտում թիրախավորված չէ իրենց ծրագրում, Պետրոսյանն ասում է՝ թեման արտացոլված է ծրագրային բոլոր կետերում: - «Հանրապետականի ծրագիրը ընդդիմադիր քաղաքական ուժի ծրագիր է։ Այնտեղ առանձին բաժին՝ վերաբերող մարդու իրավունքներին, չկա։ Կոնկրետ իրավունքները կարմիր թելի նման անցնում են ամբողջ ծրագրով», - ասում է նա:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական նորաստեղծ կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Կիրակոսյանը հակադարձում է՝ Հայաստանում տարիներ շարունակ հիմնականում հենց քաղաքական իրավունքների հետ կապված խնդիրներ են եղել, մասնավորապես՝ ազատ հավաքների, խոսքի ազատության, ընտրությունների հետ կապված իրավունքները, սակայն այժմ՝ հեղափոխությունից հետո, պետք է խոսել սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների մասին․ - «Մենք ունենք այնպիսի իրավունքների խնդիրներ, ինչպիսինն են՝ աշխատանքային իրավունքը, առողջ շրջակա միջավայրի իրավունքը, առողջապահության հասանելիությունը, կրթության իրավունքը»։

Ըստ Կիրակոսյանի՝ մարդու իրավունքների հանդեպ պատասխանատվությունը Հայաստանում երկար ժամանակ կրել է ձևական բնույթ, քանի որ եղել է պարտադրված միջազգային կազմակերպությունների կողմից․ - «Մարդու իրավունքները պետության հիմնական, կարևորագույն խնդիրներից է։ Ու մենք այդ մոտեցմամբ պետք է առաջ շարժվենք, այսինքն՝ մենք պետք է ձևավորենք մարդու իրավունքների օրակարգը»։

Պատգամավորի թեկնածուն առանձնացնում է մի քանի թիրախային խմբերի, որոնց իրավունքները, ըստ նրա, ամենաշատն են ոտնահարվում։

«Ինձ համար միշտ եղել են ու մնում են Հայաստանում ու Արցախում կրակի տակ գտնվող մարդիկ՝ սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ: Ամենախոցելի խումբն են բոլոր իմաստներով, որովհետև այնտեղ կա կյանքի իրավունքի խնդիր», - ասում է Կիրակոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այն կարծիքին է, որ արժանապատիվ կյանքի բոլոր նախադրյալները ոչ միայն պետք է ամրագրվեն Սահմանադրությամբ, այլև՝ պետք է արտացոլվեն իրականության մեջ։

«Հիմնականում առանձնացված և ոտնահարված իրավունքները եղել են իրացված տարածքների բնակիչների խնդիրները, ընդ որում, մարդիկ իրենց սեփականության իրավունքն են զիջել։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ աշխատանքի վայրում մարդկանց իրավունքները ոտնահարվում են։ Մենք պետք է կարողանանք հասկանալ, որ տնտեսական փոխհարաբերությունների մեջ ևս մարդկանց իրավունքները հարգվեն», - ասում է Էնֆիաջյանը:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը, խոսելով մարդու իրավունքների մասին, առանձնացնում է արդարադատության ոլորտը։

«Կրկին չարչրկված անցումային արդարադատության մասին պետք է խոսենք, մինչև մենք այդ քավարանով չանցնենք, ոչ մի բան էլ չի կարգավորվի», - կարծում է Ավետիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG