Մատչելիության հղումներ

Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» խաղարկային ֆիլմը պատմում է գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի մասին


Ռուբեն Քոչար

Ժամանակակից գեղանկարչի մասին պատմող ֆիլմ, այն էլ խաղարկային, հազվադեպ է նկարահանվում:

Գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը հայտնի անուն է հայ ժամանակակից կերպարվեստի բնագավառում: Նա բազմաթիվ ցուցահանդեսներ է բացել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում՝ ամենուրեք արժանանալով շատ բարձր գնահատականների:

Մխիթարյանը ծնվել է Թբիլիսիում, 1990-ականներից մշտական բնակության է տեղափոխվել հայրենիք, որտեղ սկզբից ևեթ հարթել է իր ուրույն ճանապարհը՝ իր ստեղծագործություններով հիացնելով արվեստասերներին ու արվեստագետներին:

Նրա յուրօրինակ ոճը և ստեղծագործական գունեղ աշխարհն առանձնանում է բոլոր ցուցահանդեսներում՝ անտարբեր չթողնելով որևէ մեկին:

Ժամանակակից գեղանկարչի մասին պատմող ֆիլմ, այն էլ խաղարկային, հազվադեպ է նկարահանվում: Կինոռեժիսոր Ռուբեն Քոչարն ահա ֆիլմ է նկարահանել Մայիս Մխիթարյանի մասին, և այս երեկո «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Մայիս Մխիթարյանին նվիրված Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» խաղարկային ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը նկարահանվել է գործարար Գրիգոր Մովսիսյանի հովանավորությամբ: Ուշագրավ է, որ գործարարը Ռուբեն Քոչարին առաջարկել է մի միջոցառում կազմակերպել նրա հոր՝ Երվանդ Քոչարի պատվին: Ի պատասխան կինոռեժիսորի կողմից հնչել է մեկ այլ առաջարկ:

Պատմում է Գրիգոր Մովսիսյանը․ - «Ինձ հաճելիորեն զարմացրեց մաեստրոյի պատասխանը: Դա խոսում է իր մեծության մասին, իր գեների մեծության մասին: Ասաց՝ Գրիգոր ջան, Երվանդ Քոչարը իր ճանապարհը հարթել և հարթում է: Բեր մի ֆիլմ նկարենք մեր ժողովրդի մեկ այլ մեծ զավակի՝ գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի մասին»:

Ռուբեն Քոչարն ասաց․ - «Ամեն դեպքում, Երվանդ Քոչարին մոտենալը դա սարսափելի պատասխանատվություն է: Մայիսը մի քիչ թող ների: Բայց այստեղ ինձ համար շատ ավելի կարևոր էր ոչ թե հենց ինքը՝ Մայիս Մխիթարյանը, այլ ընդհանրապես արվեստագետ հասկացողությունը: Որովհետև Մայիս Մխիթարյանը իր մեջ ներառում է այդ ամենը, և իր նկարչությունը շատ տրամադրում է: Տրամադրող նկարիչ է և նկարիչ, որն իր մեջ կրում է իսկապես արվեստագետ հասկացողությունը»:

Մայիս Մխիթարյանը, ի պատասխան «Ազատության» հարցին, թե որն է իր ամենակարևոր ձեռքբերումը, արձագանքեց․ - «Երկիր մոլորակում որ ապրում եմ, ամենամեծ ձեռքբերումն էդ ա եղել: Դա պարգև է ինձ համար: Ինչ վերաբերում է ստեղծագործական կյանքին, գտնում եմ, որ երբ որ դեռ մորս արգանդում էի, ես սկսեցի նկարել․․․ Հետո Հենրիկ Իգիթյանը ինձ հրավիրեց Երևան, ես տեղափոխվեցի և շատ գոհ եմ, որ իմ հայրենիքում ես կարող եմ ստեղծագործել, ապրել, սիրահարվել, խենթանալ: Իսկ Թիֆլիսը, դուք ինձանից լավ եք իմանում, որ ինքը թատերական մի աշխարհ է, չի կարելի այնտեղ չսիրահարվել, չխենթանալ, չստեղծագործել: Եվ չենք կարող չհիշել մեր մեծ վարպետներներին, հայ ազգի սյուներին, որ ծնվել և ստեղծագործել են Թիֆլիսում․ Երվանդ Քոչարով սկսենք, հիշենք Արամ Խաչատրյանին, Փարաջանովին․․․ այնքան շատ են, որ կարելի է անընդհատ նրանց անունները տալ և հպարտանալ, որ իրենք հայ են ծնվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG