Մատչելիության հղումներ

Կրակոցներ Գեղարքունիքում․ հարուցվել է քրեական գործ, կա կասկածյալ


Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու ապօրինի զենք կրելու և ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հանգամանքները:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ երեկ ժամը 15-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժնի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի տարածքում՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհին, նկատելով վնասված մեքենա, կանգնեցրել են այն, «որից հետո մեքենայի վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ ծնված 1985 թվականին, դուրս է եկել ավտոմեքենայից և իր հետ վերցնելով «ՎՈԼՏԵՐ» տեսակի ատրճանակը՝ նետել այն անտառում ու դիմել փախուստի, իսկ մեքենայի մյուս ուղևորը, ով նույնպես Գեղարքունիքի մարզի բնակիչ է, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին»: «Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է «ՎՈԼՏԵՐ» տեսակի ատրճանակը և 3 փամփուշտ, ինչպես նաև՝ վնասված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի հետևի նստատեղին հայտնաբերվել և առգրավվել է փայտե մահակ», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի զենք) 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական, մատնադրոշմային և գենետիկական փորձաքննություններ:

Դեպքից շուրջ երկու ժամ անց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ «ձախ ազդրի և սրունքի հրազենային վնասվածք, ձախ ազդրոսկրի միջային կոճի հրազենային կոտրվածք և աջ ազդրի միջին երրորդականի տարանցիկ հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու քաղաքացիներ: Պարզվել է, որ հրազենային վիրավորում ստացած անձինք եղբայրներ են, Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ ծնված 1984 և 1988 թվականներին, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Փաստի առթիվ ՔԿ Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի՝ «դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ», և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում վիճաբանության ժամանակ արձակված կրակոցների հետևանքով: Եղբայրները ճանաչվել են տուժող:

«ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային վարչության քննիչների համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ եղբայրներին հրազենային վնասվածք պատճառած անձը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի՝ 1985 թվականին ծնված բնակիչը, ով դիմել էր փախուստի», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործերի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 33-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG