Այս չորս օրերի ընթացքում մարդկանց հետ շփումներն, ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի, ապացուցում են, որ իրենք խորհրդարանում քաղաքական երկրորդ ուժն են լինելու։ Այդ մասին Մարուքյանն ասաց «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ։
Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Ազատություն». - Քարոզարշավի չորրորդ օրն է, պնդո՞ւմ եք, որ «Լուսավոր Հայաստան»-ը երկրորդ է լինելու։
Մարուքյան. - Այո՛, պնդում եմ, որովհետև այս չորս օրերի ընթացքում մեր շփումները դա ապացուցում են, թե մեզ ինչպես են ընդունում, ինչ հույսեր են կապում մեզ հետ։
«Ազատություն». - Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ն ի վերջո միշտ երկրորդն է եղել, նույնիսկ հեղափոխությունից հետո է երկրորդը եղել՝ Երևանի ավագանու ընտրություններում։
Մարուքյան. - Հեղափոխությունից հետո, այո՛, եղել են երկրորդը, որոշակի իներցիայի ուժ կա, և լուրջ ռեսուրս կա կուտակված «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կապված՝ հաշվի առնելով նրանց ունեցած բիզնեսները։ Հեղափոխությունից հետո պետք է նաև նկատի ունենանք, որ երեք-չորս նախարարություն ունեին, ամբողջ սպորտային աշխարհը։ Նրանք մեծ աջակցություն ունեցել են միշտ տարբեր սեգմենտներից, բայց հոկտեմբերի 2-ի դեպքից հետո, ես կարծում եմ, որ փոփոխություն է տեղի ունեցել նրանց ռեյտինգի հետ կապված, ավելին՝ նաև քաղաքացիները շատ լավ գիտակցում են, որ եթե մենք հին Հայաստանի էջը փակում ենք, նաև հին ուժերը, որոնք եղել են տարատեսակ կոալիցիաների մեջ և որպես իշխանություն են եղել ինչ-որ մասում, այսինքն՝ հատված են եղել իշխանության, հետո որպես ընդդիմություն են եղել և, ըստ էության, չկա այդ գոհունակությունը, դա ազդելու է։
«Ազատություն». - Բայց Ծառուկյանին փրկիչ տեսնող մարդիկ չկա՞ն։
Մարուքյան. - Ես չեմ լսել, որ ասեն՝ «այ, Ծառուկյանը փրկիչ է», ես չեմ էլ հանդիպել անգամ ԲՀԿ ընտրողների։ Ես կարծում եմ, որ իրենք ունեն ռեյտինգային թեկնածուներ, և ռեյտինգային թեկնածուները տեղերում լուրջ աշխատանք տանում են։ Սա ես զգում եմ, սա մենք տեղերից ստանում ենք, պետք է հետևել, որ որևէ ռեսուրս չօգտագործվի, որևէ ընտրակաշառքի բաժանում չլինի։
«Ազատություն». - Պարոն Մարուքյան, իսկ Դուք գիտե՞ք, որ Հանրապետականը ձեզ է համարում խոցելի ընդդիմություն, ավելին, ասում է՝ կեղծ, գրպանային ընդդիմություն կլինեք՝ բերելով մի փաստարկ, որ Դուք Նիկոլ Փաշինյանի ընկերն եք, ընդամենն ամիսներ առաջ դաշնակցել եք։
Մարուքյան. - Նախ ես միշտ էլ հպարտանալու եմ, որ մենք միասին ճանապարհ ենք անցել, վստահ եմ, նաև Նիկոլը, վստահ եմ, նաև Արամը, որովհետև եթե մենք էդ ճանապարհը չսկսեինք, այս փոփոխություններն էլ չէին լինի, բայց քաղաքականությունն ունի ճանապարհներ և իրավիճակներ, երբ որ այլևս քո կարիքը չկա, երբ որ այլևս իրար հետ անելու բան չկա, պետք է, բնականաբար, յուրաքանչյուրս մեր դերն ունենանք։ Այսօր իշխանությունն ունի ժողովրդի տոտալ աջակցությունը, և եթե մենք գնանք և ասենք՝ «վայ, եկեք մենք էլ ձեզ հետ լինենք», դա նախ ինձ համար կլինի պատեհապաշտական մոտեցում, որովհետև ճիշտ է, չէ՞, որ դժվար է առանձին գնալը, բայց մենք գնացել ենք դժվար ճանապարհով, երկրորդը՝ դա կլինի արհեստական, այ հենց այդ ժամանակ կլինենք արհեստական, գրպանային կոալիցիոն գործընկեր, որպիսին միշտ ունեցել է ՀՀԿ-ն։
«Ազատություն». - Բայց կաշկանդվա՞ծ չեք քննադատել Փաշինյանին։
Մարուքյան. - Ո՛չ, ընդհանրապես։ Ո'չ Մանե Թանդիլյանը, ո'չ էլ որևէ մեկս չենք լինելու ապագա կառավարությունում, որովհետև ակնհայտ է, մենք ունենք այդ տվյալները, որ իշխանությունը միայն իր ունեցած ձայներով կարող է ընտրել վարչապետ և ձևավորել կառավարություն: Հետևաբար որևէ քաղաքական ուժի, կոալիցիայի կարիքը չի ունենալու:
«Ազատություն». - Իսկ եթե չանցնեք խորհրդարան, և իրենք խնդրեն, որպես մասնագետի գործուղե՞ն:
Մարուքյան. - Դա արդեն բացառում եմ: Դա այլևս անցյալի խոսակցություն է, որովհետև մեր բոլոր տվյալները ցույց են տալիս, որ մենք մոտավորապես 10 տոկոսի ձայն ունենք արդեն: Մենք հիմա պայքարում ենք կոնկրետ երկրորդ տեղի համար:
«Ազատություն». - Պարոն Մարուքյան, մասնակից ուժերից մեկը՝ «Սասնա ծռեր»-ը հայտարարում է, որ «սա անցումային խորհրդարան է լինելու, երկու տարում փոխենք Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը, «Կուսակցությունների մասին» օրենքը և այլն, և նոր ձևավորենք ժողովրդի իրական կամքը արտահայտող Ազգային ժողով»։
Մարուքյան. - Յուրաքանչյուր ընտրություն դա ցնցում է, անկայունություն է, և ես գտնում եմ, որ մենք պետք է այնպիսի խորհրդարան ձևավորենք, որ այլևս խորհրդարանը ցրելու կարիք չունենանք։ Սա մեկ: Երկրորդը, եթե ինչ-որ մի ուժ գտնում է, որ Սահմանադրությունը կարելի է փոխել, դա նորմալ է: Բայց գալ մարդկանց անընդհատ հետ մղել իրենց որոշումներից․․․ այսինքն, հիմա մեկը որոշել է գնալ ընտրությունների, մեկ էլ լսում է, որ ասում են՝ տարիուկես ա էս խորհրդարանը աշխատելու: Ասում ա՝ դե լավ, չգնամ, մեկ ա տարիուկեսից ցրվում ա․․․ Կամ ո՞վ է որոշում, իրենք ո՞վ են, որ իրենք ասեն՝ խորհրդարանը երբ պետք է ցրվի, ինչքան ժամանակ պետք է ունենա և այլն։ Կարո՞ղ է մեր ժողովուրդը պարապ է, ինչ-որ քաղաքական ուժերի համար ամեն օր ընտրությունների գնա:
«Ազատություն»․ - Իրենք նկատի ունեն, որ գործող Ընտրական օրենսգրքով ժողովրդի իրական կամքը չի արտահայտվի:
Մարուքյան․ - Ոչ, էս օրենսգրքով հենց ժողովրդի իրական կամքը կարտահայտվի, եթե փող չբաժանվի և եթե ադմինիստրատիվ ռեսուրս չկիրառվի:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․