Մատչելիության հղումներ

Կառավարությունը ավելացնում է նպաստները, նվազագույն կենսաթոշակ սահմանելու օրինագիծ է ներկայացնում


Տարեց մարդիկ Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ
Տարեց մարդիկ Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ

Կառավարությունը այսօր փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով:

Ըստ այդմ, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամի համար (18 հազար դրամ) և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը (24 հազար դրամ), ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25 հազար 500 դրամ։ Սահմանվել է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։

Ներկայումս ծերության նպաստի չափը կազմում է 16 հազար դրամ, առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխայի համար՝ 21 հազար 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19 հազար դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 հազար դրամ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16 հազար դրամ։

Գործադիրը նաև հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է: Ըստ այդմ, առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։ Այն հնարավորություն կտա է՛լ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից։ Ընդ որում, ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակում կատարված հաշվարկներում 2019-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25 հազար 500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով)։ Նախագծով սահմանվել է նաև, որ օրենքն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից։

«Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, և բոլորս պարտավորություն ունենք սոցիալապես խոցելի խմբերի առաջ: Պետք է լավագույն ջանքերը գործադրենք, որպեսզի այդ պարտավորությունը որքան հնարավոր է արժանապատիվ կերպով իրականացնենք», - հայտարարել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG