ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի անվան շուրջ սկանդալը չի մարում։
Մի շարք հանցանքներում, այդ թվում՝ փողերի լվացման նպատակով ամերիկյան իշխանություններին ստելու, օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենսդրությունը խախտելու և վկաներին կաշառելու մեջ մեղադրվող 69-ամյա ամերիկացի հայտնի լոբբիստի վերջին տարիների գործունեության շուրջ նոր աղմկահարույց մանրամասներ է հրապարակել բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը:
Թերթը պնդում է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ 2016 թվականին, Մանաֆորտը հանդիպել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ:
Wikileaks-ը, հիշեցնենք, նախընտրական քարոզարշավի ընթացքում գաղտնազերծել էր Դոնալդ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի, նրա քաղաքական ուժի՝ Դեմոկրատական կուսակցության հազարավոր նամակներ ու փաստաթղթեր:
Մանաֆորտը նախօրեին հայտարարել է, թե Ասանժի հետ հանդիպման մասին տեղեկատվությունը սուտ է՝ կտրականապես հերքելով թերթի պնդումները:
The Guardian-ի տվյալներով, մինչդեռ, Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարը Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը Ասանժի հետ մեկ անգամ չէ գաղտնի հանդիպում ունեցել. նրանք հանդիպել են 2013, 2015 և 2016 թվականներին:
Թերթը վկայակոչում է էկվադորյան SENAIN հետախուզական ծառայության ներքին փաստաթուղթը, որում ներառված են Ասանժին այցելած անձանց անունները, այդ թվում՝ Փոլ Մանաֆորտի և մի շարք ռուսաստանցիների: Վերջիններիս վերաբերյալ մանրամասներ չեն նշվում:
Այդ աղբյուրի համաձայն, ինչպես գրում է բրիտանական պարբերականը, Մանաֆորտի 2016 թվականի այցը Էկվադորի դեսպանատուն տևել է ընդամենը 40 րոպե:
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով սեփական աղբյուրը, հայտնել է, որ The Guardian-ի հրապարակումը հետաքրքրել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին, ով հետաքննում է 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործը, ինչպես նաև Թրամփի նախընտրական թիմի և ռուսաստանյան իշխանությունների միջև հնարավոր կապերը:
Ամերիկյան լրատվամիջոցը նշում է, որ մինչ այդ էլ Մյուլերը փորձել էր պարզել՝ արդյո՞ք Թրամփի մտերիմները շփումներ են ունեցել Wikileaks-ի հետ:
Մյուլերի գլխավորած հետաքննության առանցքային մեղադրյալներից մեկը հենց Փոլ Մանաֆորտն է: 2016-ին նա, գլխավորելով Թրամփի նախընտրական շտաբը, Թրամփի որդու հետ մասնակցել է ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ հանդիպմանը:
Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են, թե ժամանակին Մանաֆորտը պատրաստ է եղել ռուս միլիարդատեր, Կրեմլի հետ սերտ կապերով հայտնի օլիգարխ Օլեգ Դերիպասկային տեղեկություններ հաղորդել Թրամփի նախընտրական արշավի մասին:
Մանաֆորտը հերքում է իր հասցեին թե՛ ֆինանսական և թե՛ քաղաքական մեղադրանքները:
Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ քաղտեխնոլոգներից համարվող Մանաֆորտի մեղադրանքներին վերջին օրերին ավելացավ ևս մեկը՝ կեղծ ցուցմունքներ տալու հոդվածով:
Հատուկ դատախազը պնդում է, որ Մանաֆորտը բազմիցս ստել է քննիչներին, կարևոր մանրամասներ է թաքցրել, թեև ավելի վաղ համաձայնել էր համագործակցել իրավապահների հետ՝ պատժաչափի կրճատման դիմաց: