Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունն ահազանգում է ընտրակեղծիքների ու բռնությունների մասին


Մոտ մեկ ժամից Վրաստանում կավարտվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, ուր մրցապայքարի են դուրս եկել Վարդերի հեղափոխությունից հետո ձևավորված երկու վարչակազմերի՝ Միխեիլ Սաակաշվիլիի և Բիձինա Իվանիշվիլիի աջակիցները:

Ընդդիմադիր թևը ներկայացնում է 60-ամյա Գրիգոլ Վաշաձեն, գործող իշխանությունը՝ 66-ամյա Սալոմե Զուրաբիշվիլին: Երկուսն էլ նախկին արտգործնախարարներ են և պաշտպանում են Վրաստանի Եվրաինտեգրման ուղին:

Թեև խորհրդարանական կառավարման անցած երկրում նախագահը լայն լիազորություններ չունի և ըստ էության առավել ներկայացուցչական մարմին է, այդուամենայնիվ ընտրարշավն առաջին փուլից մինչև այսօր թեժ է: Փորձագետներն անգամ պնդում են, թե այսքան սև փիառ, փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների տարափ Վրաստանը վաղուց չէր տեսել:

Իսկ այսօր՝ քվեարկության մեկնարկից ժամեր անց, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեի թիմը ասուլիս հրավիրեց՝ ահազանգելով ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի չարաշահման, կեղծ անձնագրերի ու բռնությունների մասին:

«Գուրջանիի շրջանում շատ մտահոգիչ իրավիճակ է․ ոստիկանությունն ու տեղական իշխանությունները ֆիզիկական ճնշումներ են գործադրում: Ջանդարի գյուղում մեր դիտորդներից մեկը ձերբակալվել է, երբ արձանագրել է, թե ինչպես են ընտրողներին ստիպում են բացել քվեաթերթիկն ու ցույց տալ, թե որ թեկնածուին են ձայն տվել», - ասել է ընդդիմության նախընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վաշաձեն:

Կեղծիքների մասին են խոսում նաև ընտրություներին հետևող մի շարք դիտորդական կազմակերպություններ: «Ամենատարածված խախտումը ընտրակաշառքն է և բաց քվեարկությունը», - հայտարարել է Transparency International-Ի վրաստանյան գրասենյակի ղեկավար Էկա Գիգաուրին․ - «Մեր դիտորդներն առավոտից 70 խախտում են արձանագրել, այդ թվում՝ բաց քվեարկության դեպքեր, մի շարք շրջաններում ընտրողները գումար են ստացել տեղամասից դուրս գալուն պես»:

Իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, մինչդեռ, տրամագծորեն հակառակ պատկերն է ներկայացնում՝ պնդելով, թե ընդդիմությունը սադրանքների է գնում և պատրաստվում է ապակայունացնել իրավիճակը երկրում․ - «Հասարակական կարգը խախտելու փորձեր, անշուշտ, կլինեն: Դուք շատ լավ գիտեք, որ դա է մեր ընդդիմախոսների ձեռագիրը: Որոշ լրատվամիջոցներ ակնհայտ սուտ տեղեկատվություն են տարածում, և այդ մասին գիտեն բոլորը, այդ թվում՝ օտարերկրյա դիտորդները»:

Թեև միլիարդատեր գործարարն այսօր պետական որևէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն քչերն են կասկածում, որ երկրի համար կարևոր բոլոր որոշումները նրա առանձնասենյակում են կայացվում: Բավական է թերևս նշել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում օրեր շարունակ իշխանության աջակցությունը վայելող թեկնածուի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառներին հենց Բիձինա Իվանիշվիլին էր, այլ ոչ թե թեկնածուն:

«Այսօրվա քվեարկությամբ Վրաստանը ցույց կտա, թե արդյոք ուզում է շարունակել այդ ճանապարհը», - քվեարկելուց հետո հայտարարել է ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն: - «Նախագահական այս ընտրությունները փաստացի դարձել են հանրաքվե, որտեղ ժողովուրդը ցույց կտա, թե արդյոք վստահում է գործող իշխանություններին և արդյոք ուզում է, որ այս միակուսակցական ու միահեծան կառավարումը շարունակվի»:

Իսկ նրա մրցակիցը՝ իշխող կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վրացիներն այսօր ընտրում են «բազմաթիվ սխալներով լի հաստատված անցյալի և լուսավոր ապագայի միջև»․ - «Ես քվեարկել եմ խաղաղ Վրաստանի օգտին, իմ ընտրությունը միացյալ Վրաստանն է՝ հանգիստ ու ժպտացող»:

Շատ բարդ է կանխատեսել, թե որ թեկնածուի փաստարկներն առավել համոզիչ կգտնվեն: Ընտրությունների առաջին փուլում նրանք գրեթե հավասար ձայներ էին հավաքել․ Զուրաբիշվիլին ընդդիմադիր թեկնածուից առաջ էր անցել ձայների ընդամենը մեկ տոկոսով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոստանում է նախնական արդյունքները հրապարակել կեսգիշերին:

Ի դեպ, վրացիներն այսօր վերջին անգամ են երկրի նախագահ ընտրում՝ ուղիղ քվեարկությամբ: Ըստ սահմանադրական փոփոխությունների, 6 տարի հետո՝ 2024-ին արդեն նախագահին ընտրելու է 300 հոգանոց ընտրական կոլեգիան՝ խորհրդարանի 150 պատգամավորների և տեղական ինքնակառավարման մարմինների 150 ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG