Մատչելիության հղումներ

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է


Վրաստան - Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը Ռուսթավիի ընտրատեղամասերից մեկում, 28-ը նոյեմբերի, 2018թ․
Վրաստան - Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը Ռուսթավիի ընտրատեղամասերից մեկում, 28-ը նոյեմբերի, 2018թ․

Այսօր Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է:

Չնայած նախագահի պաշտոնը Վրաստանում ներկայացուցչական է, նախագահը խիստ սահմանափակ, թույլ լիազորություններ ունի, այնուամենայնիվ, ընտրապայքարը բավականին սուր էր, լի փոխադարձ մեղադրանքներով:

Վրաստանի ընտրողները այսօր քվեարկում են կա՛մ ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի, կա՛մ իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին: Երկուսն էլ նախկին արտգործնախարարներ են:

Քվեարկությունից մեկ օր առաջ ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ ընտրվելու դեպքում վեց կետից բաղկացած ծրագիր է իրականացնելու: Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններից հետո օրենքին համապատասխան հայտարարվելու է խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների մասին, որտեղ նույնպես, Վաշաձեի կարծիքով, կհաղթի միացյալ ընդդիմությունը, ընդդիմադիր դաշինք կազմած կուսակցությունները: Ընդդիմադիր թեկնածուի խոսքով՝ վերջնական արդյունքը կլինի բազմակուսակցական կոալիցիոն կառավարության ձևավորումը:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ուղերձով դիմել է ընտրողներին՝ ասելով, թե երկրի դիմաց այսքան մեծ սպառնալիքներ վաղուց չեն եղել:

«Ընտրատեղամասերում դուք միայնակ եք մնալու ձեր խղճի հետ, Վրաստանի գոյության հարցը լուծելու պատասխանատվության հետ: Մի կողմից ժողովրդի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն է, մյուս կողմից՝ Իվանիշվիլիի, Ռուսաստանի և Վրաստանի թշնամիների թեկնածուն, այդ կինը դավաճան է: Այդպիսին է ընտրությունը: Եկեք մի կողմ թողնենք մեր տարաձայնությունները, եկեք միավորվենք մեր երկրի փրկության և ապագայի շուրջ», - ընտրողներին դրսից կոչ է արել նախկին նախագահը, ում դեմ Վրաստանի իշխանությունները քրեական գործեր են բացել և հետախուզում հայտարարել:

Վարչապետ Մամուկա Բախտաձեն երեկվա ճեպազրույցում ասել է, որ ընտրությունների ժամանակ հակաօրինական ցանկացած գործողության դեմ կառավարությունը կգործի օրենքի պահանջներին համապատասխան:

«Ներքին գործերի նախարարությանը և ոստիկաններին հանձնարարում եմ ամբողջ երկրով մեկ ընտրատեղամասերում առավելագույն կարգուկանոն ապահովել», - հայտարարել է Բախտաձեն:

Իշխող «Վրացական երազանք»-ի կառավարության նախկին ղեկավարները՝ նախկին վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլին և Գիորգի Կվիրիկաշվիլին, որոնք հրաժարականներից հետո հեռացել էին քաղաքականությունից կամ լռություն էին պահպանում, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին իրենց աջակցությունն են հայտնել իշխանության թեկնածուին:

Միջազգային «Թրանսփարենսի Վրաստան» ոչ-կառավարական կազմակերպությունը հրապարակել է օգոստոսի 1-ից մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ թեկնածուների ստացած ֆինանսական օգնությունները: Սալոմե Զուրաբիշվիլիի քարոզարշավի համար հանգանակվել է գրեթե 9 միլիոն լարի, Գրիգոլ Վաշաձեի համար՝ 1 միլիոն 243 հազար լարի:

«Գրուզիա օնլայն»-ը երեկ հաղորդեց, որ Քութաիսիում թոշակառուներին առողջապահական ծրագրի անվան տակ 30-50 լարի են բաժանում իշխանության թեկնածուին ձայն տալու համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ առաջին փուլից հետո ընտրողների թիվը 9 հազարով ավելացել է: Հանձնաժողովի մամուլի խոսնակի ասելով՝ դա այն քաղաքացիների թիվն է, ում 18 տարին լրացել է հոկտեմբերի 28-ից հետո կամ ովքեր հենց այսօր կդառնան 18 տարեկան ու ընտրելու իրավունք կունենան:

Ընդդիմադիր թեկնածուի շտաբը հայտարարել է, որ բացի 18 տարեկան դարձած քաղաքացիներից, ևս 11 հազար մարդով ընտրացուցակները ուռճացվել են, և միջազգային դիտորդներին կոչ է արել ուշադրություն դարձնել կասկածելի ընտրատեղամասերի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG