«Մենք [Հայաստանը] խարիսխ ենք գցել փոթորիկի ժամանակ, երբ որ մեր նավը կարող էր շատ ավելի ճկուն փորձեր բոլոր կողմերի հետ հարաբերություն հաստատել», - երեկ «Ազատության» «Ազատության բանավեճ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։
«Ֆինլանդիան «սառը պատերազմի» լարումների ժամանակ շատ լավ ծաղկեց, որովհետև ինքը կարողացավ դիրք ունենալ այդ մեծ գերտերությունների միջև՝ լինելով արևմտյան արժեհամակարգի երկիր, կապիտալիստական երկիր, բայց ունենալով որոշակի չեզոքություն։ Հիմա Հայաստանը, ես կարծում եմ, էս տարածաշրջանի համար նույն քաղաքականությունը վարելով կարող է որոշակիորեն նմանվել Հոնկոնգին, որը Չինաստանի և Ամերիկայի լարման ժամանակ կատարում էր էդ դերը», - ասաց Չուգասզյանը։
Փոխվարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Տիգրան Ավինյանն էլ պնդեց՝ Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ կազմում։ Ըստ Ավինյանի, ԵԱՏՄ-ում մնալով Հայաստանը բացի տնտեսական շահավետ պայմաններից ունի նաև որոշակի քաղաքական լծակներ։
«Առաջին հերթին Եվրասիական տնտեսական միությունը մոտ 200 միլիոն սպառողի շուկա է, մոտ 1.8 տրիլիոն դոլար համախառն ներքին արդյունք ունի։ ԵԱՏՄ-ում մնալով մենք բացի տնտեսական շահավետ որոշակի պայմաններից ունենք նաև որոշակի քաղաքական լծակներ, որոնք որ մեզ թույլ են տալիս արդեն այլ երկրների հետ որոշակի բանակցություններ վարել և որոշակի նաև արտոնյալ պայմաններ ստանալ նրանց կողմից։ Ընդհանուր առմամբ, այո՛, մենք պետք է մնանք ԵԱՏՄ կազմում և մենք պետք է շարունակենք CEPA համաձայնագրի համաձայն Եվրամիության հետ մեր ընդհանուր համագործակցությունը՝ ներառյալ տնտեսական ոլորտում», - ասաց Ավինյանը։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանը հակադարձեց՝ ԵԱՏՄ-ի անդամակցությունը եղել է Հայաստանի ամենամեծ արտաքին քաղաքականության վրիպումը։
«Ես գտել եմ, գտնում եմ և «Մենք» դաշինքի մեր պարտնյոր քաղաքական ուժը գտնում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը եղել է Հայաստանի ամենամեծ արտաքին քաղաքականության վրիպումը։ Ամենապարզ խնդիրը բարձրացնեմ՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես պատերազմող երկիր, երրորդ կողմի երկրից եթե զենք է գնում, առնվազն 18 տոկոս ավելացված արժեքի հարկ պետք է վճարի։ Դա գրված է հստակ, ինչպես հանրապետականներն են ասում՝ սևով սպիտակի վրա», - ասաց Քոքոբելյանը։
Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Արտաշեն Գեղամյանի համոզմամբ էլ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար կործանարար կլինի։
«ԵԱՏՄ-ից դուրս կգա՝ մյուս օրը գազի գինը երկու անգամ կթանկանա։ Գազի գինը երկու անգամ թանկացավ՝ էլեկտրաէներգիայի գինը շեշտակի կթանկանա, էլեկտրաէներգիայի գինը թանկացավ՝ ինքնարժեքն ապրանքների կթանկանա, ինքնարժեքը թանկացավ՝ արտահանումը կնվազի։ Կործանարար կլինի», - ասաց Գեղամյանը։
Չուգասզյանը հակադարձեց. - «Եթե մեզ պարտադրվել է թելադրանքով մի պայմանագիր, դա պայմանագիր էլ չէ, դա թելադրանք է, մենք այդ պայմանագիրը կարող ենք վերանայել և էժան գազը ստանալ Պարսկաստանից։ Մենք պետք է գերկախվածությունը որևէ երկրից՝ լինի Ռուսաստանը, Իրանը կամ որևիցե այլ երկիր, պետք է վերացնել»։
Ավելի քան երեք տարի Եվրամիության հետ քննարկումներից հետո, 2013 թվականի սեպտեմբերին, Հայաստանը նախագահ Սերժ Սարգյանի ձեռամբ հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․