Մատչելիության հղումներ

«Վաշինգտոն փոստը» կարևորել է Վրաստանի նախագահական ընտրությունները


Ընտրատեղամաս Վրաստանում
Ընտրատեղամաս Վրաստանում

«Ինչո՞ւ Վրաստանի նախագահական ընտրությունները առանցքային նշանակություն ունեն Արևելյան Եվրոպայի համար», այս վերնագրի ներքո անդրադառնալով Վրաստանում վաղը կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին՝ «Վաշինգտոն փոստը» գրում է, որ Վրաստանը կամ դուրս կգա հետխորհրդային անցումային ժողովրդավարության փուլից ու տեղ կգրավի եվրոպական ընտանիքում, կամ լուրջ հարված կհասցնի ժողովրդավարության կերտման սեփական վարկանիշին՝ հետ ընկնելով հետխորհրդային իրավիճակի մեջ:

«Կարևորը, որ ընտրություններն անցկացվեն խաղաղ, ազատ և արդար, և երկու կողմերը ընդունեն արդյունքները, անկախ թե ով կհաղթի», - գրում է հոդվածագիրը նշելով, որ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլում էմոցիաները շատ բարձր էին, քաղաքական վիճաբանությունները հաճախ վերածվում էին անձնական տգեղ հարձակումների, բռնությունների սպառնալիքները մոտ էին իրականացվելուն: Ընտրությունների երկրորդ փուլի խաղաղ ու միջազգային մակարդակով անցկացնելը կարող է վերականգնել ժողովրդի միասնականությունը և երկիրը պահել եվրոպական ձգտումների ուղու վրա:

Հեղինակը նշում է, որ չհաշված Մերձբալթյան երկրները, Վրաստանը արդեն բացառություն է կազմում հետխորհրդային տարածքում։ Նշանակալից հաջողությունների է հասել ժողովրդավարական ինստիտուտների կառուցման, տնտեսական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի գործում և մեծ ավանդ ունի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունում:

«Այսօր Վրաստանը առաջ քայլելու շեմին է։ Նախագահական ընտրությունների ազատ և արդար երկրոդ փուլ, որտեղ հաղթող ու պարտվող թեկնածուները ընդունում են ընտրողների կայացրած որոշումը», - ներկայացնելով իդեալական այս տարբերակը, հոդվածագիրը նշում է, որ Վրաստանը սակայն դեռ բախվում է մարտահրավերների:

«Լրատվամիջոցները ամբողջովին քաղաքականացվել են, կառավարամետ ու ընդդիմադիր հեռուստաընկերությունները բաց քարոզչություն են վարում իրենց թեկնածուի օգտին, իշխանությունները կոշտ քննադատում են քաղաքացիական կազմակերպություններին, նրանց համարելով ընդդիմության մասը: Երկրի ամենահարուստ մարդը ֆինանսավորում է իշխանության պաշտպանած թեկնածուին ու երկրի իշխող կուսկացությանը», - գրում է հոդվածագիրը:

Ռուսաստանը օգտագործում է ապատեղեկատվությունը և հաքերային գրոհները ընտրությունենրի արդյունքների վրա ազդելու համար: Հաշվի առնելով այս և այլ մարտահրավերները, եթե Վրաստանին չհաջողվի ազատ և արդար ընտրություններ անցկացնել, Եվրոպայի շատ մայրաքաղաքներում հոռետեսների համար դա ապացույց կլինի, որ Վրաստանը պատրաստ չէ լինել Եվրոպայի մաս: Դա ողբերգություն կլինի վրացի բարեփոխականների համար, որոնք երկիրը հասցրել են այս փուլին», - նշում է հեղինակը։

Պարբերականում նշվում է, որ ընտրությունների հաջող անցկացումը, անկախ նրանից, թե ով կհաղթի, պարգևատրում կլինի վրաց ժողովրդի մեծամասնության համար. «Նման արդյունքը Վրաստանին կպահի եվրաատլանտյան ընտանիքի լիարժեք անդամ դառնալու ճանապարհի վրա: Դա կարևոր է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Վրաստանի համար»:

«Եթե Վրաստանին հաջողվի դառնալ կայուն ժողովրդավարական ու շուկայական աճող տնտեսության երկիր, դա մեծ հետևանքներ կունենա Ուկրաինայի, Հայաստանի և հետխորհրդային այլ երկրների, ներառյալ Ռուսաստանի համար», - եզրափակում է «Վաշինգտոն փոստը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG