Մատչելիության հղումներ

Իտալիայի փոխվարչապետը հայտարարում է՝ հանցագործների հետ գործարքի չի գնալու, ապօրինությունների վրա աչք չի փակելու


Մատտեո Սալվինի, արխիվ
Մատտեո Սալվինի, արխիվ

Մի քանի շաբաթ է՝ իտալական թերթերի ու հեռուստաընկերությունների գլխավոր հերոսը ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Մատտեո Սալվինին է, թիվ մեկ թեման՝ նրա պայքարը մաֆիայի դեմ:

45-ամյա նախարարը, ով ներիշխանական կուլիսներում առավել հայտնի է «հրամանատար» մականունով, պաշտոնը ստանձնել է մոտ կես տարի առաջ և առաջին իսկ օրից պնդել՝ ի տարբերություն նախորդների, հանցագործների հետ գործարքի չի գնալու, ապօրինությունների վրա աչք չի փակելու:

Երեկ հայտարարություններն առավել տպավորիչ դարձան. Սալվինին ձեռքն առավ բոլդոզերի ղեկն ու անձամբ հողին հավասարեցրեց Հռոմի ամենաազդեցիկ մաֆիոզ կլանի՝ Կասամոնիկա ընտանիքի ապօրինի կառուցած առանձնատունը:

«Շքեղ բազմահարկի փոխարեն այսուհետ մանկական հրապարակ է լինելու», - դիմելով լրագրողներին՝ հայտարարում էր Սալվինին, հատուկ ընդգծելով, որ սրանով պայքարը չի ավարտվելու:

«Այսօր առավոտյան Կասամոնիկա ընտանիքի անդամներից մեկն ինձ հրավիրեց մի բաժակ սուրճ խմելու: Ես պատասխանեցի՝ ո՛չ, շնորհակալ եմ, նախընտրում եմ իմ ժամանակն այլ մարդկանց ընկերակցությամբ անցկացնել: Մենք շարունակելու ենք հետապնդել հանցագործներին թաղամաս առ թաղամաս, փողոց առ փողոց, խանութ առ խանութ», - ասել է
Իտալիայի ներքին գործերի նախարարը։

Անցած շաբաթ էլ Սալվինին Հռոմի քաղաքապետի հետ մեկնել էր քաղաքի հարուստ թաղամասերից մեկը՝ Քուադրո, որպեսզի անձամբ հետևի՝ ինչպես է ոստիկանությունն առգրավում Կասամոնիկա ընտանիքին պատկանող ութ առանձնատուն:

Ըստ պաշտոնյաների, մեկը մյուսից շքեղ այդ տները կառուցվել են առանց թույլտվության և աղավաղում են հին Հռոմի ճարտարապետական նախագիծն ու բնապատկերը:

Մաֆիոզ կլանի ներկայացուցիչները ստիպված էին լքել ոսկեզօծ հայելիներով, մարմարե քանդակներով ու թանկարժեք կահույքով լի վիլլաները, ոմանք հեռանում էին մեքենաներով, ոմանք՝ ոտքով, հաղորդել էր Corriere della Sera-ն:

«Այն փաստը, որ բազմահարկ տներն առանց թույլտվության, ապօրինի կառուցվել ու կանգուն են մնացել ավելի քան երեսուն տարի, վկայում է, թե որքան փտած ու անկարող են եղել Իտալիայի նախորդ վարչակազմերը», - հայտարարում էր Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռագգին՝ շարունակելով. - «Սա պատմական օր է Հռոմի ու քաղաքի բնակիչների համար, մենք վերջակետ ենք դնում տարիներ շարունակված ապօրինություններին և հստակ ուղերձ հղում Կասամոնիկա ընտանիքին»:

Ողջունելով մաֆիայի դեմ սկսված այս պայքարը՝ իտալական լրատվամիջոցները միաժամանակ փաստում են՝ Կասամոնիկա ընտանիքը գնչուական ծագում ունի, և ամիսներ առաջ հրապարակավ քննադատել էր ներքին գործերի նախարարին՝ Իտալիայի գնչուներին հաշվառելու, ապօրինի միգրանտներին վտարելու կոշտ կոչերի համար:

«Հիմա հարց է՝ Սալվինին հին կռվի վրե՞ժն է լուծում, թե՞ պատրաստ է նույն վճռականությամբ պայքարել նաև երկրում հաստատված մյուս մաֆիոզ խմբավորումների դեմ», - գրում են տեղական թերթերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG