Մատչելիության հղումներ

Ինքնախաբեություն է ակնկալել, որ կլինի ծրագրային, գաղափարական պայքար. Հակոբ Բադալյան


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ քարոզարշավի մեկնարկը կարելի է բնորոշել իբրև սպասված, այսինքն, ըստ Բադալյանի, թե՛ բովանդակային, թե՛ էներգետիկ իմաստով այն էր, ինչ սպասվում էր հեղափոխության գործընթացի տրամաբանության շրջանակում։

«Առայժմ որևէ անսպասելի բան, որևէ զարմանալի բան հանրությանը չի մատուցվել։ Բնականաբար, իշխանությունը, կամ հեղափոխության առաջնորդող ուժը փորձում էր հիմնական թիրախը դարձնել էլի նախկին համակարգը և դրա որակները հիշեցնել հասարակությանն՝ արձանագրելու համար, թե ինչից է դուրս գալիս Հայաստանը և ինչն ենք ուղարկում, այսպես ասած, պատմության գիրկը։ Հանրապետականն՝ իրեն բնորոշ բացահայտ հակադրվող կեցվածքով, այսինքն՝ այն միակ տարբերակով, որով որ կարող էր ինչ-որ բան ակնկալել, և մնացած ուժերն էլ փորձում են ինչ-որ կերպ տեղավորվել էս երկու բևեռների տիրույթում», - ասաց Բադալյանը։

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ այս փուլում ինքնախաբեություն է ակնկալել, որ կլինի ծրագրային, գաղափարական և այլ պայքար։

«Ընդհանրապես որևէ երկրում ընտրության ընթացքում ծրագրային և գաղափարական բաղադրիչները գերակա չեն լինում, մեկ-երկու կետի շուրջ է լինում հիմնականում պայքարը, և սա շատ բնական է, առավել ևս՝ Հայաստանի առումով, նախ մենք պետք է ունենանք քաղաքական ուժեր՝ ծրագրերի, հայեցակարգերի, գաղափարախոսությունների վրա հենված, որպեսզի նոր հետո էդ քաղաքական ուժերից ակնկալենք ծրագրային պայքար։ Մենք էդ ամեն ինչը չենք ունեցել, մենք նախորդ երկու տասնամյակում՝ նախորդ քառորդ դարում ունեցել ենք կեղծ քաղաքական համակարգ և հիմա մենք ունենք նոր քաղաքական իրականություն ձևավորելու խնդիր։ Էս փուլում շատ դժվար է և ինքնախաբեություն է ակնկալել, որ կլինի ծրագրային, գաղափարական և այլ պայքար», - ասաց Հակոբ Բադալյանը՝ շարունակելով. - «Հիմա մենք ունենք հեղափոխություն, կա խնդիր ավարտել էդ հեղափոխությունը խորհրդարանի արտահերթ ընտրությամբ և սկսել ձևավորել արդեն քաղաքական էն նոր դաշտը, քաղաքական էն նոր ուժերը, որոնք արդեն ազատ մրցակցային պայմաններում կկարողանան իրենք արդեն ձևավորել և ըստ այդմ նաև հասարակությանը մատուցել արդեն իսկապես ծրագրային, գաղափարական քաղաքական պայքար ոչ միայն ընտրությունների շրջանում, այլ ընդհանրապես իրենց գործունեության ընթացքում»։

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է երեկ և կշարունակվի 12 օր` մինչև դեկտեմբերի 7-ը: Դեկտեմբերի 8-ը լռության օր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG