«Բրեքզիթ»-ի 585-էջանոց համաձայնությունը
20 ամիս տևած ծանր բանակությունների արդյունքում Եվրոպական միությունը և Մեծ Բրիտանիան երեկ Բրյուսելում համաձայնեցրել են «Բրեքզիթ»-ի՝ բաժանման պայմանագիրը, ինչպես նաև քաղաքական հռչակագիրը, որով կողմերը սահմանում են ապագա հարաբերությունների շրջանակը:
Բուն «ապահարզանը»՝ պայմանագրով, թե առանց դրա, տեղի կունենա 2019 թվականի մարտի 29-ին:
Սակայն 585-էջանոց փաստաթուղթը դեռ պետք է վավերացվի բրիտանական խորհրդարանի կողմից, մինչդեռ մեծ թվով օրենսդիրներ, այդ թվում՝ Մեյի Պահպանողական կուսակցությունից, հայտարարել են, որ դեմ են քվեարկելու:
Վարչապետն ասել է, որ սեղանին դրվածը միակ հնարավոր նախագիծն է: Նա հուսով է, որ խորհրդարանը փաստաթուղթը կվավերացնի մինչև այս տարվա Սուրբ Ծնունդը:
«Եվ դուրս գալ միությունից, և՛ պահպանել բարեկամությունը»
«Այսօր Միացյալ Թագավորության և Եվրամիության «Բրեքզիթ»-ի երկար և բարդ բանակցությունների գագաթնակետն է: Ոմանք պնդել են, թե անհնարին է կազմել երկու կողմերին բավարարող փաստաթուղթ: Առաջին իսկ օրից ես մերժել եմ այդ հուսահատությունը և հավատացել եմ, որ կարելի է և՛ կայացնել միությունից դուրս գալու՝ Բրիտանիայի ժողովրդի հանրաքվեով արտահայտած ցանկությունը, և՛ գտնել դեպի բարգավաճ ապագա տանող ուղին, որը թույլ կտա պահպանել սերտ կապերը մեր բարեկամների և հարևանների հետ», - ասել է վարչապետը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ասել է, որ կողմերը գտել են «լավագույն հնարավոր տարբերակը», և հատուկ ուղերձով դիմել է Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատին:
«Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր պետք է քվեարկեն Համայնքների պալատում՝ հաշվի առնել այս իրողությունը, սա միակ լավագույն հնարավոր գործարքն է Բրիտանիայի և Եվրոպայի համար: Միակ հնարավոր գործարքը», - ընդգծել է Յունկերը:
Փոքրիկ Ջիբրալթարը՝ մեծ հիմնախնդիր
Վերջին րոպեին Եվրամիությունը և Լոնդոնը համաձայնեցրել են նաև Ջիբրալթարի խնդիրը, քանի որ Իսպանիան զգուշացրել էր, որ դեմ կքվեարկի, եթե փաստաթղթում հստակ չամրագրվի ապագայում դրա շուրջ բանակցելու հնարավորությունը:
Լոնդոնը Եվրոպական խորհրդին հավաստիացրել է, որ ապագայում առևտրի հարցով Եվրամիության հետ պայմանագիր կնքելիս չի պնդի, թե այն մեխանիկորեն վերաբերելու է նաև 7 հազար քառակուսի կիլոմետր տարածքով և 30 հազար բնակիչներով Ջիբրալթարին:
Մեծ Բրիտանիայի կայսրությունը Ջիբրալթարը գրավել է 300 տարի առաջ: Ջիբրալթարը հիմա համարվում է բրիտանական անդրծովյան տարածք, որի շուրջ Մադրիդը դարավոր վեճ ունի Լոնդոնի հետ և պնդում է, որ Բրիտանիան ու Իսպանիան պետք է Ջիբրալթարի հարցով կնքեն երկկողմ պայմանագիր:
Բրիտանիան բազմիցս հայտարարել է, որ երբեք չի ընդունի պայմանագիր, որին հավանություն չեն տա Ջիբրալթարի իշխանությունը և ժողովուրդը: Ջիբրալթարում որևէ քաղաքական խմբավորում չի աջակցում Իսպանիային միանալու գաղափարին:
Իռլանդական սահմանը՝ առանց անցակետի և մաքսակետի
Բրիտանիան և Եվրամիությունը պարտավորվում են մշտական լուծում գտնել «իռլանդական սահմանի» հարցը կարգավորելու և դասական իմաստով սահման, անցակետ և մաքսակետ չտեղակայելու համար: Դա կարող է ենթադրել նաև տեխնոլոգիական բարդ և դեռևս չմշակված լուծումներ:
Եթե խորհրդարանն ընդունի Մեյի համաձայնեցրած պայմանագիրը, Բրիտանիայի և Եվրամիության առևտրի ոլորտում մինչև 2020 թվականի դեկտեմբեր կգործի անցումային շրջան, որը կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել ևս երկու տարով:
Ընտանիքից հեռանում ես՝ վճարիր 50 միլիարդ դոլար
Բրիտանիայում ապրող Եվրամիության երկրների քաղաքացիները և Եվրամիության երկրներում ապրող բրիտանացիները պահպանելու են բնակվելու և աշխատելու իրավունքները:
Բրիտանիան համաձայնել է Եվրամիությանը վճարել 39 միլիարդ ֆունտ ստեռլինգ, ինչը հավասար է մոտ 50 միլիարդ դոլարի՝ Եվրամիության թոշակների և համատեղ այլ ծրագրերի հարցով նախկինում ստանձնած պարտավորությունները կատարելու համար:
«Բրեքզիթ»-ի աջակիցներն ասում են, որ Լոնդոնը չափազանց մեծ զիջումների է գնում Բրյուսելի հետ: Եթե խորհրդարանը չընդունի Մեյի փաստաթուղթը, անմիջապես կսկսվի քաղաքական չճգնաժամ, և վարչապետը, ամենայն հավանականությամբ, կազատի պաշտոնը:
Սակայն նույնիսկ եթե անցկացվեն արտահերթ ընտրություններ, ապագա վարչապետը կհայտնվի նույն ճնշման տակ:
Քաղաքակիրթ բաժանո՞ւմ կլինի, թե՞ սկանդալ
Կա, իհարկե, ևս մեկ հանրաքվե անցկացնելու՝ քաղաքական առումով ամոթալի և նվաստացուցիչ տարբերակը, սակայն այն, առնվազն՝ այսօրվա դրությամբ, շատ տեսական է համարվում:
Մինչդեռ, «Բրեքզիթ»-ի օրը հայտնի է, պարզապես անհայտ է, թե ինչպիսին կլինի 2019-ի մարտի 29-ի ապահարզանը՝ քաղաքակիրթ, համաձայնեցված և դատական ատյաններով հաստատվա՞ծ, թե՞ սկանդալներով, հիստերիայով, փոխադարձ անեծքներով և ընտանեկան չբաժանված սպասքի ջարդուփշուրով: